«Աթեշյանն ազգի դավաճանների շարքում է»
Պրոֆեսոր, գրականագետ Դավիթ Գասպարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ խստորեն դատապարտում է Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանի արարքը.
«Նա ոչ թե Աստծուն է ծառայում, այլ սատանային, որովհետև Աստված ասում է՝ սուտ վկայություն մի՛ տուր, սուտ մի՛ խոսիր, իսկ այս մարդը զբաղվում է խարդախությամբ։ Այս հոգևոր ծառայողը եկավ համալրելու ազգի դավաճանների շարքը։ Նման դավաճաններ 1915 թվին էլ են եղել. 1915թ. ապրիլի 24-ին մտավորականների ցուցակը կազմվել է հայի ձեռքով։ Այս հարցերում պետք է լինենք խիստ վճռական, ու տատանումներ չպետք է լինեն։ Գործ ունենք ազգային ամենասրբազան հարցի հետ: Հայկական տարբեր համայնքներ հսկայական աշխատանք են տանում, որ Ցեղասպանությունը համաշխարհայնացվի, հիմա մի հայ վեր է կենում ու ծառայելով այն երկրի տիրոջը, որտեղ ապրում է, արբապիղծ բաներ է անում»:
Գրականագետը նշեց, որ իրեն հետաքրքրում է, թե 1915թ. որտե՞ղ են եղել Աթեշյանի նախնիները, ու ի՞նչ է կատարվել նրանց հետ. «Որևէ ընտանիք չի խուսափել այդ սպանություններից, և հիմա եթե մարդն ուրանում է, պետք է դատապարտել»: Նա ընդգծեց, որ, թեև եկեղեցու գործերին խառնվելը բարդ է, բայց պետք է առանձին դեպքերում կարգալույծ անելու հնարավորություն լինի. «Ինչքան էլ եկեղեցին իր ավանդական սկզբունքներն ունենա, բայց բաներ կան, որ պետք է անել: Այս մարդը պետք է հայությունից հեռանա»:
Երևանի Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ նշեց, որ յուրաքանչյուր քրիստոնյա, առավել ևս՝ հոգևորական, պետք է առաջնորդվի տասը պատվիրաններով.
«Իսկ հոգևոր հայրը բացարձակ սուտ վկայություն է տալիս՝ անտեսելով պատվիրաններից մեկը: Հաճախակի ամեն ինչ արդարացվում է քաղաքական իրավիճակով, ասում են՝ ավելի լավ է չզայրացնել, չդիմադրել: 1915թ. էլ այդ գաղափարը կար, ու արդյունքում ցեղասպանություն եղավ: Ճշմարտությունն Աստված է, Աստված ազատություն է, սուտը սատանան է, սատանան ստրկություն է, և, եթե հոգևոր հայրը դա չգիտի, ապա ինձ հետաքրքիր է` որքանո՞վ է նա հոգևոր հայր, քրիստոնյա։ Չեմ կարծում, որ հայկական համայնքի կյանքը դառնում է ավելի ապահով, երբ նա չի բարձրաձայնում ճշմարտությունը։ Երբեք ստրկամտությունը չի եղել ապահովության երաշխիք»:
Իսկ Աթեշյանի Հայաստան գալու հետ կապված ընդվզումների մասով Դ. Գասպարյանը նշեց, որ մի բան պետք է Աթեշյանը հասկանա՝ ինքն ազգուրացների շարքում է՝ անկախ նրանից, թե նրան ով կդիմավորի, ով կընդունի: