Էնն Հեթեուեյը` ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան
Ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Էնն Հեթեուեյը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է դարձել եւ զբաղվելու է գենդերային հավասարության եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարեցերով: Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության հաղորդագրության մեջ:
«Կանանց ու աղջիկների իրավունքների վաղեմի պաշտպան տիկին Հեթեուեյը ուշադրություն կգրավի տնային գործերի անհավասար բեռի խնդրի վրա, որը գենդերային հավասարության հիմնական խոչընդոտներից մեկն է: Նա կաշխատի միջազգային մակարդակով, որպեսզի նպաստի այն քաղաքականության ընդունմանն ու կիրառմանը, որը կբերի զգալի փոփոխությունների»,- հայտնել է ՄԱԿ-ը:
Դերասանուհին հայտարարել է, որ շոյված է գենդերային հավասարության հասնելուն օժանդակելու նման հնարավորության համար: «Զգալի առաջընթաց արդեն ձեռք է բերված, բայց եկել է ժամանակը, որ մենք միասնաբար ակտիվացնենք մեր ջանքերը եւ ապահովենք իսկական հավասարության ձեռքբերումը»,- ասել է նա:
Հեթեուեյը Ֆանտինի դերն է խաղացել ըստ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպի ստեղծված ֆիլմ-մյուզիքլում, որը նրան բերեց գրեթե բոլոր գլխավոր մրցանակները, ներառյալ «Ոսկե գլոբուսը», ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի մրցանակը, «Քննադատների ընտրությունը» եւ «Օսկարը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: