«Հայոց բանակ». Երգը նվիրվում է ապրիլյան պատերազմի հերոս զինվորներին
Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի հիմնը հռչակված լուսահոգի կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի «Հայոց բանակ» երգն արդեն ունի տեսահոլովակ: Երգը ձայնագրելու, այնուհետև այն տեսահոլովակի վերածելու մտահղացումն առաջացել է զորամասի գնդերեց Վոլոդյա սարկավագ Նաջարյանի և 5-րդ Բանակային զորամիավորման համահավաք նվագախմբի դիրիժոր, կապիտան Դավիթ Արզումանյանի մոտ:
«Նախապես միայն նպատակ կար երգը ձայնագրել և նվիրել Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի հիմնադրման և ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության կազմավորման 20 ամյակներին, սակայն ապրիլյան սահմանային աննախադեպ լարվածությունն ու մեր զինվորների հերոսական պայքարը մեզ հուշեց, որ այն նվիրվի նաև ապրիլյան մեր բոլոր հերոս զինվորներին: Խրոխտ և ոգևորող քայլերթը հաղթանակած Հայոց բանակի մասին է, որը կոչ է անում ոտքի ելնելու և Հայոց լեռներն ու Հայոց բանակը պատվով պահելու, զենքով ոգով, արիությամբ և հավատքով»,- ասում են մտահղացման հեղինակները:
Երգը կատարում են Վոլոդյա սարկավագ Նաջարյանը, կապիտան Դավիթ Արզումանյանն ու շարքային Վահե Մարգարյանը, ով «X Factor» նախագծի հաղթողներից է:
Երգի գործիքավորումը կատարել են Տիգրան Իշխանյանն ու Դավիթ Արզումանյանը, օպերատոր և ռեժիսորն է Աշոտ Մկրտչյանը: