«Առաջացել է կոնսենսուսի հնարավորություն». Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովն առաջիկայում կգումարի ևս մեկ արտահերթ նիստ` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` հաստատելով, որ այսօր վերսկսվում են «4+4+4» ձևաչափով բանակցությունները:

168.am-ի հարցին` հնարավո՞ր է՝ այսօր փաստաթուղթ ստորագրվի, Ն. Զոհրաբյանը բացասական պատասխանեց.

«Չեմ կարծում, որ այսօր փաստաթուղթ կստորագրվի, բայց մի քանի առանցքային դրույթների վերաբերյալ կոնսենսուս կա, քանի որ դրան նախորդել են տարբեր ֆորմատներով բանակցություններ: ԲՀԿ-ի համար շատ կարևոր է, որ մեր առաջարկած դրույթը, որ մերժվում էր` պատճառաբանելով, որ դա կարճաժամկետ կտրվածքով հնարավոր չէ իրականացնել տեխնիկական պատճառներով, որ մեկ միասնական փաստաթղթով մասնակցեն քվեարկությանը` այն է՝ նույնականացման քարտով, կարծես, թե ընդունելի է իշխանության համար, և կարծես հնարավոր է գտնել այդ գումարներն ու բոլորին ապահովել մեկ միասնական նույնականացման քարտով»:

Ն. Զոհրաբյանը նշեց, որ կոնսենսուսն անհրաժեշտ է հանուն նրա, որ ունենանք շատ ավելի լավ օրենսգիրք, որը հնարավորություն կտա շատ ավելի նեղացնել կեղծարարության սողանցքերը և, բնականաբար, դոնոր կազմակերպությունների համար շատ կարևոր էր, որ այդ առաջարկների փաթեթի շուրջ լինի հնարավորինս լայն կենսենսուս. «Եթե նախկինում ես վերապահում ունեի՝ կոնսենսուսի հնարավոր լինելու հետ կապված, վերջին շաբաթների քննարկումները բերում են նրան, որ ես տեսնում եմ լայն կոնսենսուսի հնարավորություն»: Մեր հարցին, թե արդյո՞ք միջազգային դոնորները պայման են առաջադրել, որ ֆինանսավորում կհատկացնեն միայն կոնսենսուսի դեպքում, Ն.Զոհրաբյանը կոռեկտ չհամարեց հրապարակել դոնոր կազմակերպությունների հետ իրենց բանակցությունները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս