Բաժիններ՝

Ինչո՞ւ Բերդավանը չի միացել Նոյեմբերյանին

Այսօր Ազգային ժողովում կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ Տավուշի մարզի Բերդավան համայնքի մի քանի հարյուր բնակիչներ իրեն են դիմել՝ բողոքելով, որ համայնքների խոշորացման հետ կապված իրենց դիտարկումներն ու կարծիքները չեն լսել:

«Շատ լուրջ մտահոգություններ ունեն, որ իրենց համայնքը միացվում է Կողբ համայնքի հետ, ոչ թե՝ Նոյեմբերյանի: Այս հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ, և ինչո՞ւ բնակիչների կարծիքը չի լսվել, և ո՞րն է պատճառը, որ խոշորացման գործընթացը տեղի է ունենում առանց տեղական հանրաքվեի»,- դիմելով Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին՝ ասաց Է. Մարուքյանը:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ իրենք Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան շատ լավ հիշում են և չեն խախտում, որովհետև խարտիայում ասվում է, որ պետք է լսել համայնքների ձայնը: Նա նշեց, որ իրենք դա դա արել են նախկին 3 խոշորացվող համայնքների պարագայում. «Ինչը չենք արել հիմա, որովհետև գործող Սահմանադրությամբ ասվում է, որ Ազգային ժողովը լսում է համայնքների կարծիքը: Մենք համայնքների կարծիքը լսել ենք, Դուք հայտարարեցիք համայնքների բնակիչների՝ Ձեզ ուղղված գրության մասին, ինչը համայնքների կարծիքը կամ համայնքների բնակիչների կարծիքը լսելու մի լրացուցիչ խողովակ է»:

Փոխնախարարը նկատեց, որ Բերդավան համայնքում ապրում է մի քանի հազար բնակիչ: Նա ասաց, որ Է. Մարուքյանի նշած համայնքն ունի մոտ 3,5 հազար բնակիչ, համայնքը, որին նա միանում է՝ Կողբը, ունի 4,5 հազար բնակիչ, դա արդեն 8 հազար բնակիչ է դառնում. «Եվ եթե հաշվի առնենք այն բազմամարդ հանրույթը, որն այս երկու համայնքներում հայտնի պատճառներով մշտական կամ գրեթե մշտական բնակությամբ բնակվում է, ես նկատի ունեմ զորամասը, որ այնտեղ կա, ապա մենք ունենում ենք շուրջ 10 հազար կամ 10 հազարին մոտ բնակչություն կամ հանրույթ, որը տեղական ինքնակառավարման ծառայություններ մատուցելու տեսանկյունից բավարար և օպտիմալ չափաքանակ է: Միայն այս հիմնավորումը կարող է լինել այդ փաստի հիմքում, որ մենք չենք միացրել Նոյեմբերյանին. այդ դեպքում մենք կունենայինք ավելի մեծ և անհամաչափելի տարածք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս