Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի ազգային տոնի առթիվ, այցելել նաև ՀՀ-ում ՄԹ դեսպանի կեցավայր
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին:
Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: «Հայաստանը մեծապես կարևորում է հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ: Ձևավորվել է շարունակական քաղաքական երկխոսություն, համատեղ աշխատանքներ են իրականացվել առևտրի և ներդրումների խրախուսման ուղղությամբ, զարգացել են մշակույթի և կրթության ոլորտներում մեր շփումները, արդյունավետ համագործակցություն ենք ծավալել Հայաստանում բարեփոխումներին միտված տարբեր ծրագրերի շրջանակներում: Լիահույս եմ, որ այս ամենին կարող ենք ավելացնել նոր ձեռքբերումներ:
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացման գործում Ձեր և արքայական ընտանիքի ներդրած ավանդի համար: Վստահ եմ, որ Ձերդ Մեծությունը նույն հետևողականությամբ կշարունակի ուշադրության ներքո պահել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը»,-ասված է Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ուղղված ՀՀ Նախագահի ուղերձում:
Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-բրիտանական հարաբերությունները համատեղ ջանքերով կխորանան՝ ի շահ երկու ժողովուրդների:
Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան ամբողջ անձնակազմին, մաղթել Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին բարօրություն և հետագա բարգավաճում: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Միացյալ Թագավորության բնակչության համար այս տոնը յուրահատուկ խորհուրդ ունի՝ բրիտանացիները ի դեմս Նորին Մեծություն Թագուհու տեսնում են ոչ միայն պետության ամենաերկար գահակալած միապետի, այլև խոհեմ և հոգատար առաջնորդի, ում գործունեությունը տասնամյակներ շարունակ նպաստել է Մեծ Բրիտանիայի հեղինակության բարձրացմանը: