Բաժիններ՝

Հարավային Օսիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Հարավային Օսիայի խորհրդարանը մոտ օրերս իր նիստերից մեկում կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
«Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչումը քննարկվել է Հարավային Օսիայի օրենսդիր մարմնում դեռևս անցած տարի, սակայն հայկական սփյուռքի կողմից պաշտոնական դիմում խորհրդարանն ստացել է երեքշաբթի»,- Interfax-ին հայտնել են Հարավային Օսիայի խորհրդարանի մամուլի ծառայությունից:

Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ հարցը քննարկման է դրվելու մոտակա նիստերից մեկի ժամանակ օրենսդրության, օրինականության և տեղի ինքնակառավարման կոմիտեի ղեկավար Օլեսյա Կոչիևայի կողմից:

«Որոշ պատգամավորներ նշել են, որ Հայաստանը նույնպես պետք է ընդունի օս ժողովրդի ցեղասպանությունը, սակայն դա սկզբունքային չէ: Սկզբունքային է այն, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները հարավօսական միության լիիրավ անդամներ են, նրանց բազմաթիվ ներկայացուցիչներ պայքարել են մեր Հանրապետության ազատության և անկախության համար, մեզ հետ միասին տարել են պատերազմական տարիների դժվարությունները, իսկ նրանցից ոմանք այն հայերի ժառանգներն են, որոնք փախել են ցեղասպանությունից»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Խորհրդարանականների կարծիքով՝ եթե օրենսդիրները դրական որոշում կայացնեն, ապա «կվերականգնվի պատմական և մարդկային արդարությունը եղբայրական ժողովրդի նկատմամբ, որը, ինչպես և Հարավային Օսիայի ժողովուրդը, զգացել է ցեղասպանության սարսափը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս