«Նրանք պետք է գնահատական տան իրենց խարանին, որն այսօր գտնվում է Կրեմլի սրտում. դա Լենինն է, որը դեռ հողին հանձնված չէ». Զարուհի Փոստանջյան
«Այսօր բռնադատվածների հիշատակի օրն է: 1949թ. Հայաստանից ստալինյան բռնաճնշումների և հետապնդումների օրոք նաև հայ ժողովուրդն է զանգվածային դեպորտացիայի ենթարկվել, և այսօր այդ հիշատակի օրն է: Կարևոր է, որ մենք հիշենք, դատապարտենք և այն ակունքը, որը դեռ այսօր գոյություն ունի, ՌԴ-ում դեռ պատշաճ կերպով գնահատանքի չի արժանացել, որի հետևանքով նաև հղում են կատարում ստալինիզմի իբր թե հերոսության, հետևաբար՝ ես կարծում եմ՝ այն վերջին հայտարարությունները, որ վերջերս արվեցին ՌԴ-ի կողմից Զախարովայի շուրթերից՝ Գ. Նժդեհի արձանի հետ կապված, այդ տրամադրություններն են արտահայտում»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ ՌԴ-ում պետք է հասկանան՝ իրենց գործառույթների մեջ չի մտնում մեր հերոսներին գնահատականներ տալը, մանավանդ, որ այդ գնահատակնները, ըստ պատգամավորի՝ կապ չունեն իրականության հետ:
«Նրանք պետք է գնահատական տան իրենց խարանին, որն այսօր գտնվում է Կրեմլի սրտում. դա Լենինն է, որը դեռ հողին հանձնված չէ: Եվ այդ չարիքի կենտրոնը, որն այսօր գտնվում է Կրեմլի սրտում, և որի պատճառով է մեր Հայաստանն այսօր այսքան փոքրացած, որի պատճառով են հայապատկան տարածքները բաժանվել մի մասը՝ Թուրքիայի, մի մասը՝ Ադրբեջանի միջև, այսօր իրենք պետք է այդ ամենին գնահատական տան, որը հետագայում հանգեցրեց ստալինիզմին»,- նշեց նա: