«Թուրքիան, ի պատասխան Բուդեստագի բանաձևի, փորձեց մեծ հարված և ապտակ հասցնել հայ ժողովրդին Սիրիայում». Հարություն Սելիմյան

«Իրավիճակը Հալեպի հայաշատ թաղամասերում վերջին օրերի ընթացքում համեմատաբար լավ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը` անդրադառնալով Հալեպի հայաշատ թաղամասերում տիրող իրավիճակին: Նա նշեց, որ անցնող շաբաթը բավականին ծանր զարգացումներով ավարտվեց Հալեպի հայաբնակ թաղամասերի համար, քանի որ հայկական թաղամասերը դարձել էին զինյալ ընդդիմադիրների գործունեության թիրախ:

Ըստ նրա՝ տարբեր կարծիքներ են շրջանառվում, թե ինչու նման բան պատահեց: «Անձնապես իմ վերլուծությունն այն է, որ այս դեպքերը զուգորդված էին Գերմանիայի Բուդեստագի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևի  հետ: Ուստի թուրքական գործոնները համագործակցաբար՝ թուրք զինյալ ընդդիմադիրների, և հատկապես՝ «Ջաբհաթ ալ Նուսրայի» հետ, փորձեցին ավելի մեծ հարված և ապտակ հասցնել հայ ժողովրդին, հենց այս պատճառով էլ կենտրոնացումն այդ օրերին հայաշատ կենտրոնների և թաղամասերի վրա էր: Անշուշտ, Հալեպի այլ բաժիններն անմասն չմնացին, բայց ոչ այնպես, ինչպես հայկական թաղամասերը»,- մեկնաբանեց նա:

Նա տեղեկացրեց, որ երբ անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով հայկական թաղամասերը հայտնվեցին վտանգի տակ, Սիրիայում հայ ժողովրդի բավական մեծ մասը տներից հեռացավ և տեղափոխվեց հարաբերականորեն ավելի խաղաղ բնակավայրեր` քաղաքի ներքին կենտրոնական հատվածներ: «Սակայն այս 2-3 օրերի ընթացքում Սիրիական ազգային բանակը ռուսական օդուժի օգնությամբ բավականաչափ մեծ ռազմական հաղթանակներ տարավ: Երկու գլխավոր կետեր կան դեպի ծայրամասեր, որոնցից մեկը Ռուստամ Բաշան է, մյուսը` մի փոքր ավելի արևելյան կողմն է, որը կոչվում է Փենիզեթ, այս շրջաններում վերջին մի քանի օրերի ընթացքում մեծ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, և այս շրջանների հյուսիսային կողմը, որն ընդհանրապես դեպի Թուրքիա է, բացված է, ներկայումս սիրիական բանակը շրջափակել է այդ երկու շրջանները, դեպի Թուրքիա ճանապարհի վրա ևս սիրիական բանակը տեղավորվել է: Այս երկու թաղամասերը, որտեղից հրկիզումներ և կրակահերթեր, հրթիռակոծություններ էին տեղի ունենում դեպի Հալեպի բոլոր թաղամասերի ու բնակիչների վրա, արդեն շրջափակված են սիրիական բանակի կողմից:

Մեծ ակնկալիքներ կան, որ գալիք 24-48 ժամվա ընթացքում պետք է ներխուժում կատարվի սիրիական ուժերի կողմից՝ դեպի այլ թաղամասեր ևս: Նրանք, ովքեր հանձնվում են և զենքերը հանձնում, պետք է պետության տրամադրության տակ հայտնվեն, իսկ նրանք, ովքեր՝ ոչ, գիտեք` ինչպիսի նահանջի կմատնվեն: Հալեպի փրկագործության նախընթացն այս մեկ-երկու օրերի ընթացքում կձևակերպվի»,- ասաց Հարություն Սելիմյանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ գոհ են ՀՀ իշխանություններից Սիրիայի հայ համայնքի կարիքները հոգալու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար: «Մենք մեր տեսակետը հայտնել ենք: Մենք պետք է կառչած մնանք մեր եկեղեցիներին, վարժարաններին, պետք է ինքնապաշտպանության դիմենք, երբ անհրաժեշտ լինի, բայց արգելք չլինենք այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ Սիրիայից:

Այսպիսիներին մեր տված ուղղությունը հետևյալն է` թող նրանք գնան ու ապաստան գտնեն Մայր հայրենիքում: Մենք այդ հարցում օժանդակում ենք նրանց: Այսպես մենք խնայում ենք և պահպանում մեր ժողովրդին վտանգներից, որ մեր ազգին սպառնում են այս օրերին: Մեր ակնկալությունն այս օրերին ՀՀ իշխանություններից այն է, որ այն անհատները, որոնք ընդհանրապես ժամանակավոր կամ մնայուն հեռացել են Հալեպից, ունենան համապատասխան կեցության վայրեր Հայաստանում, և հարկային դրույթն օգտակար լինի իրենց համար, որպեսզի կարողանան ավելի նվազ տագնապի ենթարկվեն և իրենց կարիքները հոգան: Միևնույն ժամանակ՝ ուսումնակրթական ծրագրերում ներառվեն մեր սիրիահայ աշակերտները»,- ասաց Սելիմյանը` հավելելով, որ մշտապես կապի մեջ են ու գոհ ՀՀ իշխանություններից:

Տեսանյութեր

Լրահոս