«Ազգային ժողովի քննարկումներին պետք է ոտքի կանգնել, ոչ թե՝ մարդկանց փողոց հանել». Վահրամ Բաղդասարյան
«Չեմ հիշում որևէ հարկային օրենք, որը դժգոհությունների առիթ չի տվել գործարարների մոտ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀԿ ղեկավարի խոսքով ՝ դժգոհություններ միշտ եղել են, սակայն քննարկումների արդյունքում միշտ էլ հնարավոր է եղել գործարար շրջանակների հետ ընդհանուր հայտարարի գալ: Ըստ նրա՝ չի կարող մի բանը բոլորի համար լավը լինել:
«Մենք հասկանում ենք, որ կան տարբեր շահեր, սակայն, եթե ՀՀԿ-ն կուլ գնա այդ շահերին, մենք չենք կարող ունենալ այն Հարկային օրենսգիրքը, որն անհրաժեշտ է մեր պետության ապագա զարգացման համար: Իհարկե, մենք պետք է լսենք նաև նրանց, հաշվի առնենք նրանց առաջարկները, մենք մեր ողջ տնտեսության հաջողության համար պետք է մտածենք»,- հայտարարեց Վ. Բաղդասարյանը:
Խոսելով այն լուրերի մասին, թե հնարավոր է՝ որոշ քաղաքական ուժեր մարդկանց ոտքի հանեն՝ պայքարելու այս Հարկային օրենսգրքի նախագծի դեմ՝ ՀՀԿ ղեկավարն ասաց, որ այդ հայտարարություններն ինքը համարում է նախընտրական հայտարարություններ.
«Ես այդպիսի քայլերի մեջ արդյունք չեմ տեսնում: Այն քննարկումները, որոնք պետք է տեղի ունենան Ազգային ժողովում, այդտեղ պետք է ոտքի կանգնել, մասնակցել այդ քննարկումներին, ոչ թե՝ ժողովրդին է պետք ոտքի հանել: Եթե դրա կարիքը լինի, ժողովուրդը ոտքի կկանգնի, պետք չէ, որ իրենք ժողովրդին ոտքի հանեն»: