Եզդի համայնքն ակնկալում է ԱԺ-ի կողմից եզդիների ցեղասպանության ճանաչում

Հայաստանում եզդիական համայնքն ակնկալում է Ազգային ժողովի կողմից եզդիների ցեղասպանության ճանաչում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ՀՀ վաստակավոր լրագրող, իրավաբան Հասան Թամոյանը նշեց, որ Հայաստանում եզդիական համայնքը միշտ էլ զգացել է հ այ ժողովրդի աջակցությունը: Եզդիները ողջունում են Ազգային ժողովում «Հյուսիսային Իրաքում ԻՊ-ի կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու որոշման նախագիծ»-ը շրջանառության մեջ դնելը:

«Ասել, որ նախագիծը գործի սկիզբն է, այդպես չէ: Դեռևս 2014 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահը աշխարհում միակ ղեկավարն էր, որ միջազգային բարձրագույն հարթակից` ՄԱԿ-ի ամբիոնից, հանդես եկավ ի պաշտպանություն եզդիների: Այնուհետև նա հանդես եկավ Անկախ պետությունների համագործակցության համաժողովում 2015 թվականին: Ես չգիտեմ, թե նախագիծն ինչ ճակատագրի կարժանանա, բայց որ հայ ժողովրդի համակրանքը եզդի ժողովրդի կողմն է, անվիճելի է»,-ասաց Հասան Թամոյանը: Ըստ նրա` ցանկալի է, որ նախագիծը վերջնական տեսքի բերելու գործում ներգրավվեն նաև համայնքի ներկայացուցիչները:

«Ամենայն հավանականությամբ աշնանն այս նախագիծը կքնարկվի, մինչ այդ կտամադրենք տեղեկատվություն, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք պետք է միասնական ուժերով հանդես գանք, որ Իրաքում եզդիների նկատմամբ կատարվածը ցեղասպանություն ճանաչվի»,-ասաց Հասան Թամոյանը` նշելով, որ եզդիների ցեղասպանությունը ճանաչվել է նաև այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից:

Տեսանյութեր

Լրահոս