Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 13-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:  Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:

Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող  եւ երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք  ոլորտներում ամրապնդել եւ ընդլայնել փոխգործակցությունը:  Կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը՝ դեսպան Քիսլերն իր պատրաստակամությունն է հայտնել քննարկել հարցեր երկկողմ համագործակցության շրջանակներում:

Պաշտպան Արման Թաթոյանը, արժեւորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարեւորությունը, հաստատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու եւ համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:

Տեսանյութեր

Լրահոս