Նժդեհի արձանը կարող է շատ թանկ նստել Հայաստանի վրա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով, թե իրենք զարմացած են, որ Երևանում տեղադրվել է ֆաշիստական Վերմախտի հետ համագործակցած Գարեգին Նժդեհի արձանը: Այս հայտարարությունն իսկապես կարելի է սենսացիոն համարել, քանի որ խնդիրը այստեղ անկասկած միայն արձանը չէ: Այստեղ, սակայն, արձագանքը ուշագրավ է և, ըստ էության, սենսացիոն է ոչ թե արձանի կամ ոչ այնքան արձանի մասով, ինչքան այն, որ Գարեգին Նժդեհը Հայաստանի իշխող կուսակցության, այսպես ասած, գաղափարական հայրն է, ՀՀԿ-ի ուսմունքը, գաղափարական հիմքը:
Եվ Մարիա Զախարովայի արտահայտած կարծիքը, ըստ էության, տարածվում է հենց ՀՀԿ-ի գաղափարական հենքի վրա: Ասել կուզի՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ոչ թե արձանի հանդեպ է վերաբերմունք արտահայտում, այլ Հայաստանում իշխող կուսակցության: Սակայն ամբողջ խնդիրն այստեղ այն է, որ Նժդեհի արձանով Կրեմլի բարկությանն արժանացած ՀՀԿ-ից սպասելի է ոչ թե արժանապատիվ պատասխան Զախարովային, այլ «մեղքերի թողության»՝ Հայաստանի շահերի և անվտանգության հաշվին, ինչով ՀՀԿ-ն կփորձի շահել Մոսկվայի սիրտն ու այսպես ասած ցրել Զախարովայի շուրթերով արտահայտված զարմանքը:
Այլ բանի ՀՀԿ-ն հազիվ թե ընդունակ լինի, և սա է, որ ամենավտանգավորն է այս իրավիճակում, և սա է, որ հիմք է տալիս եզրակացնելու, որ Նժդեհի արձանը կարող է շատ թանկ նստել Հայաստանի վրա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: