«Մենք միշտ լավն ենք». Աղվան Վարդանյան
Մենաշնորհների դեմ պայքարը վարչապետի հայտարարությամբ չի սկսվել: Այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ըստ որի՝ այս պայքարի սկիզբը դրել են երեք փաստաթղթեր:
Ա. Վարդանյանի դիտարկմամբ՝ այդ փաստաթղթերից առաջինը նոր Սահմանադրությունն է, երկրորդը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթն է, և երրորդը՝ ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրն է: Նա նշեց, որ այն ուշադիր կարդալու դեպքում՝ կտեսնենք, որ այնտեղ այս բոլոր հարցերը ներկայացված են, և, ըստ նրա՝ դրանք իրագործելու քայլերը հիմա նախաստեղծված են:
Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի՝ մենաշնորհներն օրինականացնելու վերաբերյալ հայտարարությանը, որը բուռն քննարկման և քննադատության էր արժանացել՝ Ա. Վարդանյանը նշեց, որ Ա. Մինասյանն արդեն տասից ավելի տարիներ եղել է «ամենահրապարակային, լրագրողների հետ ամեն օր աշխատող քաղաքական գործիչ». «Այս հարցերի մասին նրանից ավելի պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չգիտեմ, ու հանկարծ մի արտահայտությունից մեր հանրության մի հատված, լրատվամիջոցներ կախվեցին ու դարձրեցին իր տեսակի հակառակը: Սա ամենավատ բանն է, որ կա մեր իրականության մեջ: Արծվիկ Մինասյանը ոչ մի սխալ բան չի ասել, ասել է այն, ինչ գրված է մեր նոր Սահմանադրության մեջ, որտեղ գրված է, որ մենաշնորհները պետք է օրենքով կարգավորվեն: Գուցե օրինակը շաքարավազի ոլորտի հետ կապած՝ մի քիչ սխալ է բերել»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը ՀՀԿ-ի հետ հուշագիր ստորագրելուց առաջ հայտարարել էր, որ իշխանությունները հեղինակազրկված են, ու նրանց հետ համաձայնագիր կնքելուց հետո ՀՅԴ-ն էլ կունենա հեղինակության կորուստ: Հարցին, թե դուք արդեն ունե՞ք հեղինակության կորուստ՝ Ա. Վարդանյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ն իր աշխատանքները շարունակում է անել՝ ինչպես՝ ընդդիմություն եղած ժամանակ, այնպես էլ՝ հիմա. «ՀՅԴ-ի վարկանիշի համար, խնդրում եմ, մի անհանգստացեք»:
Դիտարկմանը, թե՝ գուցե Ա. Մինասյանի հայտարարության նման արձագանքը պայմանավորված էր նրանով, որ հանրության մոտ դուք կորցրել եք ձեր վարկանիշը, Ա. Վարդանյանը պատասխանեց, որ մինչ այդ հուշագիրը ստորագրելն իրենք գիտեին՝ ինչի են գնում:
Հարցին, թե՝ ընդդիմություն եղած ժամանակ ավելի լա՞վն էիք, Ա. Վարդանյանն այսպես արձագանքեց. «Մենք միշտ լավն ենք»: