Ալիևը հրաժարվել է Բունդեսթագում հանդիպումներից՝ իր զորակցությունը հայտնելով Թուրքիային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Բունդեսթագում հանդիպումներից՝ այդկերպ իր աջակցությունը հայտնելով Թուրքիային, հայտնում է moscow-baku.ru-ն՝ հղում կատարելով TRT Avaz հեռուստաալիքին:
Տեղեկությունների համաձայն՝ Ալիևը փոփոխություն է կատարել Գերմանիա այցի նախօրեին կազմված ծրագրում ու հրաժարվել է Գերմանիայի խորհրդարանում հանդիպումներից:

Ալիևը չեղյալ է հայտարարել Ադրբեջան-Գերմանիա բարեկամության   միջխորհրդարանական խմբի նիստը: Այդկերպ, Ադրբեջանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Թուրքիային:

Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ընդունեց բանաձև, որը 1915թ. հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած հանցագործությունները որակում է ցեղասպանություն: Բանաձևը հավանության էր արժանացել պատգամավորների մեծ մասի կողմից, դեմ էր քվեարկել ընդամենը 1 խորհրդարանական, 1 մարդ՝ ձեռնպահ:

Բանաձևի ընդունումը բացասական ռեակցիա էր առաջացրել Թուրքիայում: Անկարան միանգամից հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին, նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Բունդեսթագի որոշումը լուրջ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը որակել էր «ամոթալի»:

Տեսանյութեր

Լրահոս