Բաժիններ՝

Թուրքիան դատի կտա Բունդեսթագի պատգամավորներին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար. Bild

Թուրքիան մտադիր է վճռական միջոցներ ձեռնարկել Գերմանիայի նկատմամբ՝ ի պատասխան Բունդեսթագի կողմից 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման, գրում է գերմանական Bild թերթը:

«Կոմպետենտ մարմինները, առաջին հերթին՝ արտգործնախարարությունը, գործողությունների պլան են պատրաստում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը:

Հաղորդվում է, որ «միջոցառումների» մանրամասները կհրապարակվեն միայն այն բանից հետո, երբ դրանց հետ ծանոթանան Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ինչպես ասվում է Bild-ի նյութում, Թուրքիան նվազագույնը 3 դատական հայց է պատրաստում Բունդեսթագի՝ ծագումով թուրք 11 պատգամավորների դեմ, որոնք քվեարկել էին բանաձևի օգտին: Դատական հայցերից երկուսը նախաձեռնել են Թուրքիայի ոստիկանության արհմիությունները, ևս մեկը՝ թուրք փաստաբանների միությունը: Մինչ այդ, Գերմանիան վճռականորեն դատապարտում է թուրքական իշխանությունների այդ պլանները:

«Եթե այդ հաղորդագրությունները ճշմարիտ են, ապա դա անհանգստացնող փաստ է: Դա ահաբեկելու անընդունելի փորձ է, որը կհանգեցնի հետագա էսկալացիայի»,- թերթին տված հարցազրույցում ասել է Կանաչներից պատգամավոր Օզկան Մուլթուն:
Բացի այդ՝ նշվում է, որ պատգամավորները կոչ են անում Գերմանիայի կառավարությանը՝ միջամտել ստեղծված իրավիճակին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի պատգամավորները ստանում են սպառնալիքներ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հետո:
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ընդունեց բանաձև, որը 1915թ. հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած հանցագործությունները որակում է ցեղասպանություն: Բանաձևը հավանության էր արժանացել պատգամավորների մեծ մասի կողմից, դեմ էր քվեարկել ընդամենը 1 խորհրդարանական, 1 մարդ՝ ձեռնպահ:

Բանաձևի ընդունումը բացասական ռեակցիա էր առաջացրել Թուրքիայում: Անկարան միանգամից հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին, նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Բունդեսթագի որոշումը լուրջ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը որակել էր «ամոթալի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս