Երեխային՝ մանկատուն, իրեն էլ «կանանց գաղութ» ուղարկելու սպառնալիքով խոստովանական ցուցմունք են կորզել
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացին հայտնել է, որ 2015 թ. օգոստոսի 2-ին «6-րդ վարչության 4 աշխատակիցներ» ներխուժել են իրենց բնակարան և միայն ծառայողական վկայականներ ներկայացնելով՝ առանց որևէ հիմնավորման՝ իրեն և ամուսնուն տեղափոխել են ոստիկանության «Էրեբունու» բաժին, որտեղ, պահելով առանձին սենյակներում, բռնություն են կիրառել իրենց նկատմամբ: Կազմակերպության Երևանի գրասենյակ ներկայացրած դիմումով Տ. Մ.-ը նշել է, որ լսել է , թե ինչպես են ծեծում ամուսնուն, իսկ ավելի ուշ նրան տեսել է վնասված դեմքով:
Ինչպես հայտնում է Տ. Մ.-ը, քննչական բաժնում, առանց իր իրավունքները պարզաբանելու՝ կալանքի և տասնօրական երեխային մանկատուն հանձնելու սպառնալիքով քննիչը ստիպել է իրեն ցուցմունք գրել այն մասին, որ ինքն ու ամուսինն են ոմն Ս. Վ.-ի նկատմամբ կատարված մահափորձի հեղինակը: Դրանից հետո նրան բաց են թողել, իսկ ամուսնուն՝ կալանավորել:
Հետագայում ևս Տ. Մ.-ը կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ հանրային պաշտպանի ներկայությամբ կրկին փորձել են հարցաքննել նրան: Երբ վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց՝ նշելով, որ հանցագործությունը իրենք չեն կատարել, քննիչը, կալանավորման մասին որոշում տպելով, սպառնացել է նրան տեղափոխել «կանանց գաղութ»: Ապա երեխային մանկատուն հանձնելու սպառնալիքի և հոգեբանական ճնշման ներքո Տ. Մ.-ը խոստովանական ցուցմունք է տվել: Ավելի ուշ առերես հարցաքննության ժամանակ կրկին ժխտել է իր և ամուսնու կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը:
Հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: ՀՀ ՀՔԾ-ից 2016 թ. հունիսի 8-ին ստացված գրությունների համաձայն՝ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե և ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ