«Իրանի ինտերնետի մոտ 30 %-ն անցնելու է Հայաստանով». Գագիկ Բեգլարյան
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Իրանի նախագահը ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ փոխանցել է, որ Իրանը պատրաստ է ՀՀ տարածքով Պարսից ծոցից դեպի Սև ծով կապող միջանցքը բացելու համար կատարել ներդրումներ, տեխնիկական և շինարարական աջակցություն տրամադրել: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ է արվել այս ուղղությամբ, և երբվանի՞ց մենք կունենանք այդ տարանցիկ պետության հնարավորությունը` նավթամուղի և գազամուղի հետ կապված:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց, որ համաձայնագրեր են ստորագրվել, բայց նաև մենք պետք է կարողանանք ապահովել տրանզիտն Արևելքից դեպի Սև ծով: Նա նշեց, որ այս ամիս գալու են իրանցի մասնագետներ՝ երկաթգծի հետ կապված, պատրաստ է տեխնիկական ուսումնասիրությունը, բայց դրա կառուցման համար անհրաժեշտ է գումար, որը գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Ըստ նրա` ավելի կարևոր հարց են կարողանում լուծել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հետ կապված: Գ.Բեգլարյանի խոսքով` բետոնային ճանապարհն Ագարակից սկսած փոխել են ասֆալտապատ ճանապարհով, և 2 տարում կկառուցվի Ագարակ-Սիսիան ճանապարհը, որ 70 կմ-ով կրճատում է տարածությունը, Քաջարանի մոտ 5 կմ-անոց թունել է կառուցվելու, որով իրանցիներին առաջարկվում է նորմալ ճանապարհ մինչև Երասխ: Նախարարը նշեց, որ արդեն իրանական մի քանի կազմակերպություններ համաձայնել են այդ ճանապարհով վագոնները հասցնել Սև ծով: Գ.Բեգլարյանը նշեց նաև, որ Իրանի ինտերնետի մոտ 30%-ը պետք է անցնի Հայաստանով: