Թալիշցիների համար ժամանակավոր կացարանների կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են
Ակտիվ ընթացքի մեջ են Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում Թալիշից տարհանված բնակիչների համար կառուցվող ժամանակավոր կացարանների շինարարական աշխատանքները :
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` Ալաշանը ժամանակավոր բնակավայր է ծառայելու ապրիլյան առաջին օրերին Թալիշից տարհանված 27 ընտանիքի համար: Այժմ այստեղ վերականգնողական աշխատանքներ են տարվում:
Այդ շրջանակներում որպես ժամանակավոր կացարաններ վերանորոգվում են տարածքում առկա շենքերը, շինություններն ու առանձնատները` բոլոր ենթակառուցվածքներով: Ալաշանը գտնվում է Մարտակերտի շրջանի Դրմբոն և Մեհմանա գյուղերի հարևանությամբ, Արցախի մայր ջրամբարի` Սարսանգի հարակից գոտում: Թալիշի համեմատությամբ, այստեղ անվտանգ է, սահմանից բավականաչափ հեռու:
Տարածքը հարթավայրային է: Գյուղատնտեսության, այդ թվում հողագործության, անասնապահության և մեղվաբուծության համար այստեղ կան բոլոր նախապայմանները: Ալաշանը նաև ջրային հարուստ պաշարներ ունի:
Շինարարությունն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով: Շինարարության ընթացքում օգտագործվում են նաև բարեգործական հիմունքներով ՀՀ-ից և ՌԴ հայկական համայնքներից Արցախ հասցված շինանյութերը: Պատվիրատուն` քաղաքաշինության նախարարությունն է, կապալառուն` «ԱԻՄ» ՍՊԸ-ն: