Բաժիններ՝

ԼՂՀ օմբուդսմենը դատապարտել է պատգամավորի նկատմամբ իրականացված բռնությունը

Այսօր ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ճանաչողական հանդիպում է ունեցել լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ողջունելով ներկաներին ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթություններն ու անելիքները:

Խոսելով Ադրբեջանի կողմից ապրիլյան վերջին իրադարձությունների մասին օմբուդսմենը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, մարդկանց խոշտանգելը, որոնք հաստատվում են համապատասխան լուսանկարներով և այլ փաստերով, արժանի է դատապարտման և հետևողականորեն ամեն ինչ արվելու է, որպեսզի միջազգային հանրությունը հասկանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել Արցախում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:

Խոսելով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անելիքների մասին Ռ. Մելիքյանն ասել, որ այժմ զբաղված են ժամանակակից պահանջներին համապատասխան պաշտոնական նոր կայք էջի ստեղծման, աշխատակազմը համալրելու և այլ կազմակերպչական աշխատանքներով:

Անդրադառնալով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ իրականացված բռնարարքին Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ նման արարքը դատապարտելի է, որի մասին օմբուդսմենի գրասենյակը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ` իրավապահ մարմիններից ակնկալելով հատուկ ուշադրություն և թափանցիկ քննություն:

Այնուհետև Ռ. Մելիքյանը լսել է ներկաների կարծիքները, առաջարկությունները և պատասխանել հարցերին, որոնք հիմնականում վերաբերվում էին հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը, ապրիլյան իրադարձությունների ժամանակ սահմանամերձ գյուղերի ժամանակավոր տարհանված բնակիչների ապրելու խնդրին, ապրիլյան վերջին իրադարձությունների անմարդկային ու վայրագություններին և այլն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս