«Մենք մեզ նորից մղում ենք մի տարածք, որը մեր հնարավորությունները սահմանափակելու է ապագայում». Զարուհի Փոստանջյան
Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի` ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծումը որևէ զսպող ազդեցություն չի ունենա Ադրբեջանի համար: Այս մասին այսօր ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե կարո՞ղ է այդ համակարգը որևէ ձևով զսպել Ադրբեջանին: Նա նշեց, որ դեմ է քվեարկելու համաձայնագրին:
«Սա ավելի շատ Ռուսաստանի կողմից է արագացվել կամ օրակարգ բերվել: Մի քանի տարի առաջ, երբ պարոն Պուտինը ժամանեց Հայաստան, իր առաջին հանդիպումը, մուտքը և հայտարարությունը նա արեց ռուսական ռազմաբազայից, և ոչ թե՝ մեր մայրաքաղաքից: Այդ պաշտոնական այցը տեղի չունեցավ՝ ինչպես որ նախատեսված է միջազգային արարողակարգով` Երևանից, նա անտեսեց դա և հայտարարեց, թե՝ мы никогда не уходили отсюда»,- ասաց Զ.Փոստանջյանը:
Ըստ նրա` ՌԴ նախագահ Պուտինն այս տարածքը չի դիտարկում՝ որպես Հայաստան կամ Ադրբեջան, այլ նրա համար մեկ միասնական տարածք է` սահմանակից իր տարածքին, և, հետևաբար, նա ոչ մի շահ, պարտավորվածություն չունի հայերին ադրբեջանցիներից պաշտպանելու: «Մենք մեզ նորից մղում ենք մի տարածք, որը մեր հնարավորությունները սահմանափակելու է ապագայում»,- ասաց Զ.Փոստանջյանը: ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացման հարցն ԱԺ-ում կսկսի քննարկվել առաջիկա օրերին: