ABBA-ն ամբողջ կազմով երգել է Ստոկհոլմում կազմակերպված հոբելյանական երեկոյին
ABBA լեգենդար խմբի անդամներ Բիոռն Ուլվեուսը եւ Բենի Անդերսոնը նշել են իրենց համատեղ ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանը: Ստոկհոլմի «Բյոռնս» ակումբի մասնավոր երեկույթը, որն անցկացվել է լույս հունիսի 6-ի գիշերը, ավարտվել է նրանով, որ խմբի բոլոր չորս երաժիշտները՝ Բիոռն Ուլվեուսը, Բենի Անդերսոնը, Ագնետա Ֆելտսկոգը եւ Աննի-Ֆաիդ Լինգստադը, միասին հայտնվել են բեմում՝ կատարելու իրենց կոմպոզիցիաներից մեկը, տեղեկացնում է Expressen թերթը:
Բիոռնը եւ Բենին հանդիպել են 1966 թվականի հունիսի 5-ին: Նրանց բարեկամությունը, որի արդյունքում ծնվեցին բազմաթիվ համատեղ երաժշտական կոմպոզիցիաներ, դարձավ ոչ միայն շվեդական մշակույթի, այլեւ ամբողջ փոփ-երաժշտության նվաճումը:
Նշանավոր կատարողներին եւ հիթերի ստեղծողներին շնորհավորելու համար «Բյոռնս»-ի բեմ են բարձրացել երկրի ճանաչված երաժիշտներից շատերը:
Ագնետա Ֆելտսկոգը եւ Աննի-Ֆրիդ Լինգստադը կատարել են զուգերգ՝ այն նվիրելով խմբում եւ կյանքում իրենց ընկերներին: Այնուհետեւ նրանց միացել նաեւ երեկոյի գլխավոր հերոսները:
«Դա պատմական իրադարձություն էր»,- ասել է հայտնի շվեդ երաժիշտ Յանե Շեֆերը:
Բյոռնը, Բենին, Ագնետան եւ Աննի-Ֆրիդը վերջին համատեղ համերգը տվել են 1980 թվականին: Երաժիշտները չեն պատրաստվում այլեւս միասին ելույթ ունենալ հանրության առջեւ:
Շվեդական ABBA քառյակը ամենահայտնի խմբերից մեկն է երաժշտության պատմության մեջ. այն ստեղծվել է 1972 թվականին: Իր գոյության տասը տարվա ընթացքում քառյակը թողարկել է ութ ալբոմ, իսկ խմբի երգերի բազմաթիվ ժողովածուներ թողարկվում են մինչ օրս:
Տարեկան խմբի շուրջ երկու-երեք միլիոն սկավառակներ գտնում են իրենց գնորդներին: Mamma Mia! մյուզիքլը, որի հիմքում ընկած են ABBA-ի երգերը, արդեն շուրջ 60 մլն մարդ է դիտել աշխարհի հարյուրավոր թատրոններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: