Բաժիններ՝

Արթուր Աբրահամը հպարտ է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար

Գերմանիայում մի քնաի անգամ տարվա լավագույն բռնցքամարտիկ ճանաչված, հայազգի Արթուր Աբրահամը հայտարարություն է տարածել՝ իր հպարտությունը հայտնելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար։ «Արմենպրես»-ին Արթուր Աբրահամի մամուլի խոսնակին փոխանցած հայտարարության մեջ նշված է. «Ես` բռնցքամարտիկ Արթուր Աբրահամս, հպարտ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:

Մենք` Գերմանիայում ապրող հայերս, այստեղ գործող բազմաթիվ հայկական կառույցներ, կազմակերպություններ, անհատներ տարիներ ի վեր ջանք չենք խնայել այս համահայկական նշանակության հարցին ծառայելու համար: Այդպես էլ պետք է լինի: Մենք ամբողջ աշխարհում պետք է շարունակենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը եւ հատուցմանը միտված մեր պայքարը՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, իմ դեպքում` նաև ռինգը:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կանխելու է ցեղասպանական նոր ոճրագործություններ և պարարտ հող է նախապատրաստելու ազգերի մերձեցման համար:

Միշտ և ամենուր հպարտանում եմ, որ հայ եմ, այսօր կրկնակի հպարտ եմ, քանի որ պետությունը, որտեղ բնակվում եմ` Գերմանիան, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:

Ձեր` Արթուր Աբրահամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս