Ծաղկաձորում մեկնարկել է «ԵԱՏՄ. Հայաստան-համագործակցություն» ամենամյա տնտեսական ֆորումը
Ծաղկաձորում աշխատանքն է սկսել «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան-համագործակցություն» ամենամյա տնտեսական ֆորումը, որն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Մասնակցում են նախարարներ, դեսպաններ, պետական, հասարակական կազմակերպությունների և խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Յակուտիայի առևտրաարդյունաբերական պալատների պատասխանատուներ: Տնտեսական ֆորումի հիմնական թեման է «Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսության ոլորտների զարգացման հնարավորությունները»:
Նախատեսվում են լիագումար և սեկցիոն նիստեր, կոնտակտների փոխանակում, երկկողմանի բիզնես հանդիպումներ:
Սեկցիոն հանդիպումների ժամանակ քննարկվելու են «ԵԱՏՄ շրջանակներում շինարարական ինդուստրիայի և շինանյութերի արտադրության զարգացման խնդիրները և հեռանկարները», «Բանկային համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում», «ԵԱՏՄ տրանսպորտային միջանքները» և այլ հարցեր:
Հարցերի լայն շրջանակ է քննարկվելու նաև հունիսի 5-ին սեկցիոն նիստերին` «Գյուղատնտեսական մթերքների և արդյունաբերական ապրանքների արտահանման զարգացման հեռանկարները», «Պատրաստված է ԵԱՏՄ»-ում, «ԵԱՏՄ շրջանակներում դեղագործական և բուժական միջոցների միասնական շուկա. ուտոպիա, թե իրականություն» և այլ թեմանով:
Ֆորումը կազմակերպել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «Իվենսենթր» կենտրոնը: