Առաջին պահանջը կա, պատրաստ ենք մասնակցել ապամոնտաժմանը
Օրեր առաջ Facebook սոցիալական ցանցով տարածվեց մի լուսանկար, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես են Երևանի «Լունապարկ»-ի տարածքում ծառի տակի կանաչ մասը տախտակապատում: Դեպքի վերաբերյալ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ձեռնարկատիրոջ կողմից այգու կանաչ հատվածը տախտակամածի տակ առնելու նախաձեռնությունը ինչ իրավական ակտերով և (կամ) պայմանագրերով է թույլատրվել, ում կողմից, ինչու չի կանխվել: Քաղաքապետը պատասխան նամակով տեղեկացրեց, որ տախտակապատումն իրականացնող ընկերությունը նախագիծը համաձայնեցրել է Երևանի քաղաքապետարանի հետ: Անահիտ Բախշյանը նամակով կրկին դիմեց քաղաքապետին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
«02.06.2016թ. հ.01105-29525հ թվակիր Ձեր նամակում գրել եք, որ «Օղակաձև զբոսայգու» «Առագաստ» սրճարանի հարակից տարածքում խնդրո առարկա տարածքի հողածածկույթը փայտյա տախտակամածով փոխարինելու որոշումը փաստորեն տրվել է Ձեր թուլտվությամբ, որը հակասում է Երևանի ավագանու 18.11.2009թ. հ 36-Ն որոշմանը, որտեղ հստակ գրված է, որ կանաչ տարածքներում քաղաքաշինական և ձեռնարկատիրական գործունեությունը պետք է համապատասխանի դրանց պահպանման պահանջներին, այլ ոչ՝ դրանց վերացնելուն: Այս դեպքում ճիշտ հակառակն է տեղի ունեցել, ու դրա պատասխանատուն Դուք եք, որովհետև Դուք եք տվել թույլտվությունը: Չգիտեմ՝ ինչի հիման վրա եք սալարկված ու տոփանված գրունտի փոխարեն նախընտրելի համարում տախտակամածը, երբ թե՛ մեկը, թե՛ մյուսը հակասում է Երևանի ավագանու որոշմանը: Այդ տարածքը պետք է կանաչ տարածքի վերածել այնպես, ինչպես պահանջում է ավագանու վերոնշյալ որոշումը՝ Երևանի կանաչ տարածքների ամբողջ համակարգը ենթակա է պարտադիր պահպանման:
Ձեր նամակում տեղեկացրել եք, որ առաջին իսկ պահանջի դեպքում հնարավոր կլինի առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու՝ այն ապամոնտաժել:
Այս թեմայով իմ նամակների հիմքում ընկած է սոցցանցերում տարածված՝ երևանցիների պահանջն ու տեղադրած նկարները: Ըստ Երևանի ավագանու 30.04.2014թ. հ 154-Ն որոշման, որով սահմանված է Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը, 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ բնակիչների մասնակցության սկզբունքներն են՝ բնակիչների ակտիվությունը, օպերատիվությունը և արագ արձագանքումը:
Ուրեմն բնակիչների պահանջն առկա է, մնում է տախտակամածը ապամոնտաժել, որին բնակիչները պատրաստ են օպերատիվ արձագանքել ու ակտիվորեն մասնակցել»: