Ճապոնիայում մեկ շաբաթ անց գտել են ծնողների կողմից անտառում լքված 7-ամյա երեխային
Ճապոնիայի Հոկայդո կղզում գտել են 7-ամյա Յամատո Տանուկային այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ ծնողները որոշել էին պատժել նրան՝ մեքենայից հանելով վատ վարքագծի պատճառով: Այս մասին հայտնել է The Japan Times-ը:
Հրատարակության տվյալներով՝ երեխայի որոնումներին մասնակցում էին հարյուրավոր ոստիկաններ, հրշեջներ ու զինծառայողներ: Նրան հաջողվել է գտնել ինքնապաշտպանության ուժերի բազայում՝ այն վայրից հինգ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ նրան թողել էր ընտանիքը: Տղան պատմել է, որ բոլոր այդ օրերին ոչինչ չի կերել, միայն ջուր է խմել և քնել է խրճիթում եղած ներքնակի վրա:
Հյուծումից ու ջրազրկումից տառապող երեխային կերակրել են եւ ուղարկել հիվանդանոց, որտեղ նա միացել է իր ընտանիքին:
Երեխայի ծնողները պատմել են, որ որոշել էին դաս տալ որդուն այն բանի համար, որ նա քարեր էր նետում մարդկանց ու մեքենաների վրա, եւ դաստիարակչական նպատակներով նրան թողել էին անտառի եզրին: Սակայն երբ շուտով նրանք եկել են տղայի հետեւից, նա արդեն տեղում չի եղել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: