Ռումինիայում երկու մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
Ռումինիայի արեւելյան մասի Բակեու եւ Վրանչա գավառներում 2 մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով: Այս մասին հայտնել է Digi 24 հեռուստաալիքը: Ռումինիայի այդ տարածաշրջանում փակ են ճանապարհները, այդ թվում ազգային նշանակության ավտոմայրուղիները, հեղեղված վայրերում ջրի բարձրությունը գերազանցել է մեկ մետրը:
Ջրի տակ են հայտնվել հարյուրավոր տնտեսություններ, վնաս է հասցվել մշակաբույսերին: Բազմաթիվ գյուղերում ընդհատվել է էներգամատակարարումը, խզվել է հեռախոսային կապը: Մի քանի հարյուր ընտանիքներ տարհանվել են, եւ ժանդարմները փրկարար գործողություններ են իրականացնում:
Տեղատարափ անձրեւների պատճառով հեղեղման վտանգ է հայտարարված Արեւելյան Կարպատների վեց գավառներում:
Սպասվում է, որ հորդառատ անձրեւները կշարունակվեն, կանխատեսումների համաձայն՝ Ռումինիայի մի քանի շրջաններում տեղումների քանակը կգերազանցի 100 միլիմետրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: