Կառավարությունը սոցիալական երաշխիքներ է սահմանում զոհված կամավորների ընտանիքների համար
ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած, կամ անհայտ կորած, կամ հաշմանդամ ճանաչված՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» որոշման նախագիծը:
Որոշման նախագիծը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ այսօրվա օրենսդրությամբ սոցիալական երաշխիքներ են սահմանված ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ինչպես նաև՝ հաշմանդամ դարձած անձանց համար:
Նախարարն ասաց, որ ապրիլին Ադրբեջանի կողմից զինադադարի համաձայնագրի խախման և սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում 1994թ. հետո առաջին անգամ ձևավորվեցին կամավորական ջոկատներ, որոնք մեկնեցին մարտական գործողությունների գոտի և մասնակցեցին ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին: Որպեսզի զոհված կամավորների ընտանիքներին տրամադրվեն նույն սոցիալական երաշխիքները, առաջարկվում է ընդունել որոշման նախագիծը: