Հայաստանը միաձայն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ. կոնվենցիայի անդամ պետությունների Գլխավոր ասամբլեայի 6-րդ նստաշրջանը, որի ընթացքում կայացան Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի ընտրությունները՝ 2016-2020թթ. ժամանակահատվածի անդամակցության համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Երկրորդ տարածաշրջանային խմբից (Արևելյան Եվրոպայի երկրներ) չորս տարի ժամկետով ընտրվել է Հայաստանը՝ ստանալով կոնվենցիայի անդամ երկրների միաձայն աջակցությունը։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Մյուս խմբերից ընտրվեցին Կիպրոսը, Ավստրիան, Գվատեմալան, Կոլումբիան, Կուբան, Ֆիլիպինները, Զամբիան, Սենեգալը, Մավրիկիոսը, Պաղեստինը և Լիբանանը։

Տեղեկանք. Միջկառավարական կոմիտեն Կոնվենցիայի գլխավոր մարմիններից մեկն է: Այն ստեղծվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, ունի 24 անդամ՝ տարածաշրջանային վեց խմբերից: Կոմիտեի անդամն անմիջապես վերընտրվելու հնարավորություն չունի:

Կոմիտեի կարևոր գործառույթներից է Կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:

Գլխավոր ասամբլեան, որի նստաշրջանը գումարվում է երկու տարին մեկ, ի թիվս այլ գործառույթների, ընտրում է 12 նոր անդամների»։

Տեսանյութեր

Լրահոս