Ինչու է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործը վերադարձվել մեղադրողին

Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործը դատավորի որոշմամբ վերադարձվել է մեղադրողին: Մայիսի 30-ին կայացված որոշման մեջ դատավոր Դավիթ Բալայանը նշել է, որ մեղադրական եզրակացությունը կազմելիս քննիչը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջները:

«Նման պայմաններում գտնում եմ, որ կազմված մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ և 271-րդ հոդվածում նշված մեղադրական եզրակացությանն առաջադրվող պահանջներին, իսկ դատախազը, ստուգելով մեղադրական եզրակացությամբ ստացված գործը, ուշադրություն չի դարձրել որոշման մեջ նշված թերությունների վրա և միջոցներ չի ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ, ուստի քրեական գործը նույն օրենսգրքի 296-րդ հոդվածի ուժով ենթակա է վերադարձման մեղադրողին՝ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար»,- նշված է որոշման մեջ:

Նշենք, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի երկու բուժաշխատողների՝ մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին:

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Մարգարյանի հղիությունը, բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով՝ դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Տեսանյութեր

Լրահոս