«Մեքենաս աջ քաշեցի, որ խուսափեի վթարից, բայց ինքը զարկեց մեքենայիս ու գլորվեց ձորը»
Թբիլիսիի խոշոր վթարից տուժած գյումրեցի վարորդը մանրամասներ է պատմում, 1 զոհ եւ 3 վիրավոր` Շիրակի մարզում:
Մայիսի 27-ի լուսաբացին` ժամը 5 անց 30-ի սահմաններում, Թբիլիսիի Ռուսթավի-2 հասցեում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տեղում մահացել է «Mercedes» ավտոմեքենայի վարորդը, ով, նախնական տվյալներով, վրացահայ է, մեքենայում եղել է միայնակ, իսկ մյուս մեքենան` «Mercedes Minivan»-ը վարել է Գյումրու բնակիչ 34-ամյա Սուրեն Վարդանյանը: Այս ավտոմեքենայում վարորդից բացի եղել է եւս 3 ուղեւոր, նրանցից 2-ը ամուսիններ են, Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչներ: Կինն ավտովթարի հետեւանքով մահացել է, իսկ ամուսնուն վիրահատել են Օրտաչալայի հիվանդանոցում, այժմ տեղափոխվել է տուն, մյուս ուղեւորը Գյումրու բնակիչ է, դեպքի հաջորդ օրը Օրտաչալայի հիվանդանոցից տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Այստեղ տուժածին վիրահատել են, բժիշկների վերահսկողության տակ է: Առողջական վիճակն համապատասխանում է վիրահատության ծանրությանը:
Իսկ Օրտաչալայի հիվանդանոցում վիրահատել են ավտոմեքենայի վարորդ, գյումրեցի Սուրեն Վարդանյանի աչքերը: Տուժածն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ժամանակավորապես մնում է Թբիլիսիիում` բարեկամի տանը:
«Ասպարեզ»-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ս.Վարդանյանը որոշ մանրամասներ փոխանցեց ու տեղեկացրեց, որ ճանապարհը երթեւեկելի նշան չի ունեցել, իսկ ճանապարհը եղել է միակողմանի:
-Միակողմանի ճանապարհ էր, ոչ մի երեւթեւեկելի նշան չի եղել. ցանկացած վարորդ կարող էր նույն հաջողությամբ վթարի ենթարկվել, որովհետեւ նշան չի եղել դրված. ես անցել եմ այդ ճանապարհը` չնկատելով մեքենան. աջ շրջադարձի ժամանակ նոր նկատել եմ, ազդանշան եմ տվել, որ կանգնի, բայց չկանգնավ, տեղ չուներ, ես էլ տեղ չունեի, որքան հնարավոր էր մեքենաս աջ քաշեցի, որ խուսափեի վթարից, բայց ինքը զարկեց մեքենայիս ու գլորվեց ձորը: Դրանից հետո էլ մի բան չեմ հիշում:
apsny.ge կայքի համաձայն` դեպքի ականատես Միխայիլ Բազարաշվիլին տեղեկացրել է, որ մեծ արագությամբ է ընթացել մեքենան, այն համարյա թռչել է, դիպչել դիմացից եկող մեքենային եւ ընկել ներքեւ: Նույն կայքի փոխանցմամբ` այս գործով նախաքննություն է ընթանում:
Ս.Վարդանյանի կինը` Ազգանուշը, եւս պատմում է, որ համացանցում հրապարակված տեսանյութում դեպքի ականատեսները նշել են, որ Թբիլիսիի ճանապարհի այդ հատվածը անապահով է, ճանապարհում ավտովթարներ հաճախ են լինում, վարորդները եւս բողոքել են, դիմել Վրաստանի կառավարությանը:
Գյումրիում բնակվող 34-ամյա Սուրեն Վարդանյանն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում`Գյումրու Ռեպին փողոցի 217/517 տնակում: Անօթեւան այս ընտանիքի սոցիալական վատթար վիճակին անդրադարձել էինք դեռ 2 ամիս առաջ, անչափահաս երեխաներից մեկը երազում էր մահճակալ ունենալու մասին, հոդվածի հետքերով գնացել էր Գյումրու քաղաքապետարանն ու քաղաքապետ Ս.Բալասանյանն իրականացրել էր 9-ամյա Էմմայի երազանքը` նվիրալով մահճակալ:
Ընտանիքն այսօր պարտքերի մեջ է հայտնվել, հազիվ կարողացել են վճարել Ս.Վարդանյանի վիրահատության ծախսերը` 800 լարին, վարորդի եղբայրը ստիպված վաճառքի է հանել ավտոմեքենան: