Հանկարծամահ եղած զինծառայողի մայրը պատմում է, որ որդու հետ խոսել էր դեպքից մի քանի ժամ առաջ. «Հրապարակ»
Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ՝ Հադրութի զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ եղած զինծառայող Սուրեն Մոսիյանի դին երեկ հանձնեցին ծնողներին: 19-ամյա Սուրենը, որը մահացել էր մայիսի 29-ին, ժամը 22։00-ի սահմաններում, հարազատների պատմելով՝ սրտխառնոց էր ունեցել, փսխել էր մի քանի անգամ, ու թեեւ զորամասում համապատասխան բուժօգնություն էր ցուցաբերվել, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել՝ Սուրենը մահացել էր սրտի ինֆարկտից:
Մայրը՝ տիկին Անժելան, պատմում է, որ որդու մահվանից մի քանի ժամ առաջ՝ ժամը 18։00-ի կողմերը, Սուրենը զանգել է, հարցրել իր ու ընտանիքի մյուս անդամների որպիսությունը եւ ոչ մի ակնարկ անգամ չի արել իր վատ զգալու կամ վատառողջ լինելու մասին:
Խոստացել է կրկին զանգել, սակայն մի քանի ժամ անց հանկարծամահ է եղել: Ծառայակից ընկերներից մեկն էլ ասաց, թե Սուրենը ծառայության մեկ տարվա ընթացքում երբեւէ չի բողոքել սրտից, ճիշտ է՝ առողջական խնդիրներ ունեցել է, սակայն դրանք մրսելու հետ կապված են եղել: «Իսկ այդ օրն ասաց, թե վատ է զգում, բժիշկ կանչեցինք, եկավ, դեղ տվեց, կապելնիցան միացրեց, հետո տարան հոսպիտալ: Իսկ մի քիչ անց ասեցին, որ հոսպիտալի ճանապարհին մահացել է»,-պատմեց Սուրենի ընկերը:
Իսկ զոհված զինծառայողի հարեւանուհին՝ Նաթելլան, ահա թե ինչ էր պատմում: «Երեկ, երբ ՊՆ-ից զանգեցին ու հայտնեցին մահվան լուրը, կանչեցին Երեւանի «Պլանի գլխի» հիվանդանոց՝ դիակը ճանաչելու: Հավանաբար, հրամանատարական կազմից էին այդ մարդիկ, որոնք ասում էին, թե Սուրենին, երբ վատացել է, տարել են հոսպիտալ, ու չգիտես ինչու՝ նշում էին, որ 6 անգամ են տարել: Սուրենը, իրենց պատմելով, մինչեւ մահն ասել է, թե օդը չի հերիքում, վատ է զգում, սիրտը խառնել է, հետ է տվել: Բժիշկ են կանչել, «Վալիդոլ» են տվել, չի օգնել, ու մինչեւ հասցրել են բուժկետ՝ մահացել է»: Տիկին Անժելան ասում է, որ որդին ողնաշարի հետ կապված խնդիր է ունեցել ու անչափ նիհար է եղել: «Երբ պիտի զորակոչվեր բանակ, զինկոմիսարիատում նայել, ասել են, թե շատ նիհար ես, քաշդ չի հերիքում, համ էլ ողնաշարի խնդիր ունես, քեզ երեւի բանակ չտանենք, դու պիտանի չես ծառայության համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: