Բաժիններ՝

«Երբ զարդն աչք է շոյում՝ արդեն համարվում է հաջողված». դիզայներ Լիլիթ Ավետյան

«168 Ժամի» զրուցակիցն է դիզայներ Լիլիթ Ավետյանը, ով արդեն երկար տարիներ զբաղվում է մետաղից և կիսաթանկարժեք քարերի համադրությունից ծնված աշխատանքների արարմամբ: Մեզ հետ զրույցում դիզայներն անկեղծանում է՝ նշելով, որ ինքն ուրախանում է, երբ մարդիկ իր բնական քարերով զարդերը կրելիս՝ զգում են Տիեզերքի էներգիան:

Լիլիթ, ինչպե՞ս առաջացավ մետաղներով ու կիսաթանկարժեք քարերով աշխատելու մտահղացումը: Ինչո՞վ են Ձեզ գայթակղում մետաղները:

– Հայաստան աշխարհը դեռ վաղ ժամանակներից բնակեցված է եղել հմուտ մետաղագործներով, կաշեգործներով, կավագործներով: Զարմանալի չէ, որ այստեղ բնակվող յուրաքանչյուր ոք՝ լինի կին թե տղամարդ, այդ հսկա ժառանգության կրողն ու վերարտադրողը լինի … Բացի այդ՝ ծնված օրվանից տեսել եմ, թե ինչպես է մետաղը մշակման ենթարկվում, ձևափոխվում, գունափոխվում ու դառնում արվեստի նմուշ՝ հայրիկիս՝ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի հմուտ ձեռքերում:

Lilit Avetyan (5)

Կարդացեք նաև

Հավատո՞ւմ եք, որ քարերն ունեն էներգետիկա, ու ի՞նչ էներգիա եք հաղորդում Ձեր զարդերը կրողին:

– Ամբողջ Տիեզերքն է կազմված էներգիայից: Դրա յուրաքանչյուր, անգամ ամենափոքր մասնիկում էլ, անշուշտ, կա էներգայի մի աղբյուր: Շատ կարևոր է զգալ այն և օգտագործել ի նպաստ առողջության, գեղեցկության, լավ տրամադրություն հաղորդելուն: Ես միայն ուրախանում եմ, երբ մարդիկ իմ բնական քարերով զարդերը կրելիս՝ զգում են այդ էներգիան:

Lilit Avetyan (8)

Ստեղծագործելու ցանկությունն արդյո՞ք ժառանգական է:

– Երբ փոքրուց շրջապատված ես լինում արվեստի գործերով, տեսնում ես, թե ինչպես են արարում ծնողներդ, դժվար ես պատկերացնում ինքդ քեզ՝ առանց արվեստի աշխարհի: Այն քոնն է դառնում, քո հարազատ ոլորտն է դառնում, ու դրանով էլ հիմնականում կանխորոշվում է ապագա մասնագիտության ընտրությունը: Ծնողներս արվեստագետներ են, եղբայրս ու ես ընտրեցինք արվեստի ճյուղերը, իսկ հիմա, նայելով մեր երեխաներին, հասկանում ենք, որ նրանք էլ ունեն հակում դեպի գեղեցիկի արարումը:

Ինչպե՞ս է կոչվում այն ոճը, որով աշխատում եք: Արդյո՞ք դա տարածված ոճ է աշխարհում, թե՞ մեծ է Ձեր հեղինակային ներդրումը:

Lilit Avetyan (9)

– Իմ զարդարվեստը որևէ կոնկրետ ոճի չի պատկանում, այն ոճերի խառնուրդ է: Տեխնիկան, որով աշխատում եմ, կոչվում է Թիֆանի (Tiffany), այն շատ ճանաչված է աշխարհում, սակայն, երբ տեխնիկային գումարվում է նաև հային բնորոշ ճկուն միտքն ու երևակայությունը, երբ գործի են դրվում Հայաստան աշխարհի բնական քարերը, այդ ժամանակ զարդը ստանում է նոր, ուրույն հնչեղություն և երանգ: Ես շատ եմ սիրում օգտագործել չմշակված, բնության կողմից ստեղծված ֆորմաները, ինչն էլ յուրահատկություն է հաղորդում աշխատանքներիս:

Lilit Avetyan (6)

Ձեր ամենասիրելի մետաղն ու քարը որո՞նք են: Արդյո՞ք քարերն են պայմանավորում ապագա զարդի տեսքը:

– Մետաղի ընտրությունն արդեն կանխորոշված է տեխնիկայով, դա մի քանի մետաղների միաձուլում է: Իսկ քարերից ամենաշատը նախընտրում եմ օբսիդիանը, նրա արծաթագույն և շագանակագույն երանգները:

Կարելի՞ է ասել, որ Ձեր զարդերը մեկը մյուսին չեն կրկնում, թե՞ դա պարտադիր նախապայման չէ:

– Այո՛, կարող եմ ասել, որ քարն է իր ձևով կանխորոշում ապագա զարդի տեսքը: Ես նախապես էսքիզ չեմ անում, զարդի դիզայնը որոշվում է հենց տեղում՝ քարերն իրար կցելիս: Դա շատ ստեղծագործ և անկանխատեսելի գործընթաց է, երբ ինքդ էլ վերջնական պատկերացում չունես, թե ինչ ավարտուն տեսք կունենա տվյալ զարդը: Ես պահպանում եմ զարդը չկրկնելու սկզբունքը՝ էքսկլյուզիվությունը պահելու համար: Երկար տարիներ զարդերի պատրաստմամբ զբաղվելուց հետո կարող եմ համարձակորեն ասել, որ երևակայությունս թույլ է տալիս ամեն անգամ նոր դիզայնով աշխատանք ստեղծել…

Lilit Avetyan (3) Lilit Avetyan (2) Lilit Avetyan (4)

 

Ովքե՞ր են Ձեր զարդերի սիրահարները և գնորդները: Հայերը նախապատվություն տալի՞ս են ոչ թանկարժեք քարերով ու մետաղներով զարդերին, թե՞, այնուամենայնիվ, սիրում են կրել ազնիվ մետաղներով զարդեր:

– Զարդերի գնորդները շատ տարբեր մասնագիտության տեր մարդիկ են՝ սկսած պետության առաջին դեմքերից և դիվանագետներից, վերջացրած երաժիշտներով և մանկավարժներով: Ուրախ եմ նշել, որ թանկարժեք զարդերի հանդեպ հակումից զատ՝ հայուհիները գնահատում են արվեստն ու այն կրելու հաճույքը: Գեղեցիկը նկատողը չի ընկնի զարդի ինքնարժեքի հետևից, որովհետև այն վեր է նյութականից:

Դուք ինքներդ սիրո՞ւմ եք կրել Ձեր զարդերը: Ունե՞ք սիրելի աշխատանքներ, որոնցից ոչ մի դեպքում չեք բաժանվի:

– Ինքս ժամանակ առ ժամանակ կրում եմ իմ զարդերը: Ունեմ մի քանի զարդ, որոնցից չեմ բաժանվի, դրանք շատ հոգեհարազատ են: Ինչո՞ւ եմ ժամանակ առ ժամանակ կրում… Որովհետև շատ եմ կրում նաև մեր մյուս արվեստագետների աշխատանքները և դա անում եմ մեծ հպարտությամբ:

Ստեղծագործական դադարներ ունենո՞ւմ եք: Ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:

– Ունենում եմ, երբ սպառում եմ ձեռքիս տակ գտնվող քարերի ու նյութերի պաշարը: Դրանք նորից հավաքելուց ու համալրելուց հետո նոր եռանդով կրկին անցնում եմ ստեղծագործելուն:

Lilit Avetyan (1)

Ի՞նչ պատկերներ եք հաճախ սիրում արարել, զարդերի ի՞նչ տեսակներ եք սիրում ստանալ:

– Պատկերները հիմնականում ստեղծվում են վերացական, ոչ առարկայական: Դրանք թելադրված են լինում քարերի ու ապակիների ձևով, գույնով… Ինձ համար ամենակարևորը ճաշակով և գրագետ կոմպոզիցիա ստանալն է: Երբ զարդն աչք է շոյում, արդեն համարվում է հաջողված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս