Բաժիններ՝

«Հարկային օրենսգիրքը գրվել է բացառապես ֆիսկալ քաղաքականության տեսանկյունից»

Մեր զրուցակիցն է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը

– Պարոն Ավագյան, Հարկային օրենսգիրքն այս շաբաթ արտահերթ կարգով քննարկվելու է Ազգային ժողովում։ Արդյոք օրենսգրքի նախագիծը բավարարո՞ւմ է բիզնեսի ներկայացուցիչներին։

– Իհարկե, ամբողջ բիզնես միջավայրի անունից իրավունք չունեմ կարծիք հայտնել՝ բավարարո՞ւմ է, թե՞ ոչ, բայց ստիպված կլինեմ կրկնվել. բիզնես միջավայրին բավարարող փաստաթուղթ ձևավորելու համար այն պետք է ստեղծվեր բազմաթիվ ֆոկուս խմբերի հետ քննարկումների, մինչ այժմ եղած խնդիրների գույքագրումների արդյունքում և լիներ, ամենակարևորը, երկրի տնտեսության կաղացող ճյուղերի խթանմանը նպաստող փաստաթուղթ։ Սակայն այն գրվեց բացառապես ֆիսկալ քաղաքականության տեսանկյունից։

– Ի՞նչ դիտարկումներ ունեք, ո՞ր դրույթներն եք առավել խնդրահարույց համարում։

– Արդարության համար պետք է նշեմ, որ գերփոքր բիզնեսին վերաբերող մի շարք խնդրահարույց դրույթներ, որոնք առկա էին նախագծի առաջին տարբերակում, թե՛ մեր, թե՛ այլ բիզնես շահերը ներկայացնող կազմակերպությունների ճնշումների ներքո փոփոխվեցին։ Օրինակ՝ շրջանառության հարկ վճարող առևտրական գործունեություն իրականացնողների համար նախկինում հստակ ծախսերի չափեր էին սահմանված տոկոսով արտահայտված, կամ արգելվում էր հաշվապահական ծառայություն մատուցողներին օգտվել այս ռեժիմից, գյուղատնտեսության հարկումը և այլ սահմանափակող դրույթներ հանվեցին երկրորդ տարբերակում։ Ընտանեկան ձեռնարկատիրության հարկազատման ռեժիմը նույնպես պահպանվեց։ Խնդրահարույց է շարունակում մնալ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու 40 մլն դրամի շեմը, ծախսերի համար ՀԴՄ կտրոնը ծախս հիմնավորող փաստաթուղթ չհամարելը և մի շարք խիստ վարչարարական հիմունքներ։

– Տեսակետ կա, որ օրենսգիրքը նպաստելու է ստվերի ավելացմանը։ Ըստ Ձեզ՝ այս տեսքով օրենսգրքի ընդունումն ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա։

– Եթե անկեղծ լինեմ, իմ կարծիքով, ոչ մի կերպ չի ազդի։ Այստեղ է լուրջ խնդիրը, այս կարևոր փաստաթուղթը ստեղծելիս ինչ հարց էինք դրել մեր առաջ և ինչ հարց լուծեցինք։ Ստվերի կրճատման կամ կոռուպցիոն ռիսկերի կանխման համար լուրջ հակակշիռներ է պետք ներդնել։ Մենք այսօր էլ ունենք լավ գրված օրենքներ, որոնք կիրառության մեջ դեֆորմացվում են։ Իմ կարծիքով՝ այս փաստաթղթով մենք պետք է կարողանայինք «անտեսանելի ձեռքով» աշխուժացնել տնտեսության այն ճյուղերը, որոնք ուզում ենք, որ մեր երկրում զարգանան։ Շատ պարզ օրինակ բերեմ. դուք գիտե՞ք արդյոք, որ այս օրերին կնքվեց առաջին լիզինգային պայմանագիրն արևային էլեկտրաէներգիայի մոնոկրիստալային մարտկոցների վաճառքի մասին։ Սա այն լուրջ ոլորտներից մեկն է, որը մեզ բոլորիս մտահոգում է, և այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուրների զարգացումն արդեն մեր օրվա հրամայականն է։ Բայց եկեք նայենք՝ նախագծի հեղինակներն ուշադրություն դարձրե՞լ են այս հանգամանքի վրա։ Իհարկե՝ ոչ։

Ավելին՝ այս ընթացքում գործարարության աջակցման գրասենյակի մասնագետների և լիզինգային կազմակերպությունների հետ համատեղ մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որտեղ մի քանի փոփոխություններով թե՛ լիզինգային, թե՛ այլընտրանքային էներգիայի ոլորտը միանգամից կաշխուժանա՝ արագացված ամորտիզացիա սահմանելով և այլ մերօրյա խնդրահարույց դրույթները վերացնելով։ Կամ այս օրերին հանրային քննարկման առարկա դարձած եկամտային հարկի դրույքաչափերի բարձրացումը կբերի ստվերի կրճատմա՞ն, թե՞ ավելացման, չէ՞ որ նախագծի առաջին տարբերակում նույն հեղինակները հիմնավորում էին, որ եկամտային հարկի պրոգրեսիայից հրաժարվելով և սահմանելով միասնական ցածր դրույքաչափ՝ կնպաստենք ստվերի կրճատմանը։ Հիմա հակառակն են մեզ համոզում։ Ես ինքս կողմնակից եմ հարկման պրոգրեսիվ մոտեցմանը, բայց այս դեպքում ինչո՞ւ չենք սահմանում պրոգրեսիա և ավելի բարձր դրույքաչափեր շահութահարկ վճարող խոշոր հարկ վճարողների համար, ի՞նչ է, վախենում ենք, որ Ազգային ժողովում լուրջ դիմադրությա՞ն կարժանանանք։

Գիտեմ, որ փաստաթղթի վրա աշխատել են խելացի, գիտակ մարդիկ, բայց ինչքան էլ խելոք ուզում ես եղիր, ուզես թե չուզես, պետք է հաշվի նստես բազմակարծության հետ, պետք է հաշվի առնես իրական հատվածի կարծիքը, իսկ ամենակարևորը՝ պետք է հաշվի առնվի մեր երկրի տնտեսության, էկոնոմիկայի համար կարևոր ճյուղերի և ոլորտների զարգացման համար անհրաժեշտ փոփոխությունները։ Իմ խորին համոզմամբ՝ այս կարևոր նախագիծը միջազգային դոնոր կազմակերպությունների ժամկետային ճնշումների ներքո, հիմա, հրատապության կարգով, այս տեսքով կընդունեն, Ազգային ժողովում լուրջ մասնագիտական քննարկումներ չեն լինի, իսկ հետո մենք բոլորս ստիպված կլինենք մինչև 2018-ը բազմաթիվ փոփոխությունների առաջարկ անել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս