Ֆրանսիական քաղաքը վերցվել է ուժեղացված հսկողության ներքո
Նախօրեին Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռենն քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո բնակիչներին խորհուրդ է տրվել չայցելել քաղաքի պատմական կենտրոն, արգելվել են բոլոր հրապարակային միջոցառումներն ու ուժեղացվել են ոստիկանության շարքերը: Այս մասին հայտնում է France-3-ը:
«Ես դիմում եմ քաղաքի բնակիչներին ու նրա հյուրերին: Խուսափե՛ք Ռեննի պատմական մասից: Մենք չենք ցանկանում նոր անկարգություններ: Քաղաքացիները պետք է ուշադիր լինեն մեր զգուշացումների նկատմամբ: Այդ մարդիկ (զանգվածային անկարգությունների կազմակերպիչները) հարձակվում են ոչ միայն ոստիկանների վրա, այլև նրանց, ովքեր պարզապես գալիս են նրանց բողոքը նայելու»,- հայտարարել է պրեֆեկտ Պատրիկ Դալենեն:
Նրա խոսքով՝ իշխանությունները Ռենն են ուղարկել հավելյալ 500 իրավապահի:
Անկարգությունների արդյունքում, որոնք ուղղված են եղել աշխատանքային բարեփոխումների դեմ, ավելի շատ տուժել է քաղաքի պատմական կենտրոնը:
Երիտասարդները կոտրել էին խանութների, բուտիկների ցուցափեղկերը, բանկոմատները, տրանսպորտային կանգառները:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Փարիզում ու Ֆրանսիայի մյուս քաղաքներում պարբերաբար անցկացվում են բողոքի ցույցեր՝ ուղղված աշխատանքային օրենսդրության դեմ, ընդ որում, բողոքի ակցիաները հաճախ վերածվում են երիտասարդների ու ոստիկանության միջև բախումների: