«Դրոշ չեն ուզում, մենք կարող ենք Գուրգեն Մարգարյանի նկարները պահել ուղղակի». Շուշան Պետրոսյանը՝ այսօր կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասին

Ինչպես հայտնի է, Եվրոպայի հեռարձակողների միությունը սուր քննադատության էր  ենթարկել օրերս «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի մեծ աղմուկ բարձրացրած՝ կանաչ սենյակում ԼՂՀ դրոշի ծածանման փաստը։ Մրցույթի համապատասխան խումբը որոշում էր կայացրել մրցույթի օրենքներին համապատասխան պատժամիջոցների ենթարկել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը:

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը չգիտի՝ այսօր կայանալիք համերգի ժամանակ կվերցնի՞ Իվետան ԼՂՀ դրոշը, բայց կարծում է՝ նա այսօր միայն երգելու մասին պետք է մտածի, որովհետև, ըստ նրա, առաջին օրը «փայլուն» ելույթ էր: «Նա արդեն իսկ իր քայլն արեց, իր հայի տեսակը ի ցույց դրեց բոլորին, կարծում եմ՝ հիմա աշխատանքը պետք է տանի հայ համայնքը, և դրան բազում ձևեր կան. դրոշ չեն ուզում, մենք կարող ենք Գուրգեն Մարգարյանի նկարները պահել ուղղակի: Ժողովուրդը, հանդիսատեսը հանգիստ կարող է պահել»,- նշեց երգչուհին:

Շ. Պետրոսյանը ծիծաղելի է համարում այն կոչերը, որ չպետք է մրցույթը քաղաքականացնել, քանի որ կարծում է՝ այն ամենաքաղաքականացված երգին նվիրված մրցույթն է. «Այդ կոչերի վրա կարելի է ուղղակի ծիծաղել, ու հարցնել՝ իրենք լո՞ւրջ են ասում, այդ կոչը լո՞ւրջ են հայտարարում: Ինչի՞ մասին է խոսքը: Եթե այդքան օբյեկտիվ են իրենք և ազնիվ, ուրեմն՝ թող ուկրաինական երգն այդ թեմայով չհնչեր, թեպետ՝ դա իմ երկրորդ ֆավորիտ երգն է»:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչո՞ւ են հենց Հայաստանի վրա կենտրոնացել, երգչուհին հորդորեց հետևել այն միջազգային դիտորդների, դիվանագետների գնահատականներին, որոնք մշտապես հավասարության նշան են դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև. «Մարդիկ կորցրել են իրենց խիղճը, ազնվությունը, քրիստոնյաները կորցրել են քրիստոնյա լինելու ամբողջ գաղափարախոսության կոնցեպցիան: Լավ, հասկացանք, դիվանգետի աշխատավարձը լավ բան է, բայց երբ դու կանգնած ես լինում դաշտում մշակի դիակի առաջ, որին սպանել է ադրբեջանցի դիպուկահարը, ի՞նչ անմարդկային տեսակ ես, որ կարող ես կոչ անել, որ երկկողմանի իրենց զուսպ պահեն, ավելի զուսպ մեռնե՞ր այդ մշակը, հա՞, որ դաշտը հետ գործ էր անում, սա ի՞նչ ձև է, այդ ամեն ինչը բոլոր ասպարեզներում է հայերի հետ կապված, որովհետև մենք ուրիշ ենք, իսկապես հատուկ ենք, շատ հին ենք՝ մեր մշակույթով, մեր ծագումով և դրա համար բոլորի աչքի փուշն ենք»:

Շ. Պետրոսյանը «Եվրատեսիլ»-ում մեր շանսերը բարձր է գնահատում, սակայն նախորդ տարվա նման, այս տարի ևս ցանկանում է, որ Ադրբեջանը հաղթի. «Ես միշտ դրա կողմնակիցն եմ, որովհետև 20 մլն եվրո ծախսելը, գիտե՞ք՝ ինչ լավ բան է, այդքանի զենք չի առնվում մեր դեմ»:

Տեսանյութեր

Լրահոս