«Մինչև վերջին փամփուշտը մարտնչելով թշնամու դեմ՝ Ռոբերտ Աբաջյանը պայթեցրեց նռնակը…»

Հայ սպաների ու զինվորների բազմաթիվ սխրագործություններից հիշատակենք ևս մեկը:

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն ակտիվորեն մասնակցել է հակառակորդի գերազանցող ուժերի առաջին հարվածը դիմագրավելու, կենդանի ուժին ու տեխնիկային կորուստներ պատճառելու և մարտական դիրքի վրա հետագա բազմաթիվ գրոհները ետ մղելու մարտական գործողություններին:

Կատաղի մարտերի ընթացքում, կորցնելով հրամանատարին ու մարտական ընկերներին, հրազենային վիրավորում ստացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը շարունակել է դիմադրել մեծաքանակ հակառակորդին մինչև վերջին փամփուշտը:

Սպառելով հաստիքային զինամթերքը՝ նա ծանր վիրավոր ընկերոջը առաջնագծից դուրս է բերել 30 մ հեռու գտնվող արթուն հերթափոխի խրամաբջիջ, որտեղից կապվել է գումարտակի հրամանատարի հետ, ներկայացրել կարևոր տեղեկություններ օպերատիվ իրավիճակի մասին և հաղորդել, որ հենց նոր իր կողքին զոհվեց զինակից ընկերը, իսկ ինքը վերջին նռնակը մարտական վիճակում պահած պատրաստվում է կասեցնել թշնամու առաջխաղացումը: Նա ուժ է գտել իր մեջ օգնության հասած խմբի հրամանատարին զգուշացնելու վտանգի մասին:

Մարտիկը կարողացել է իր վրա սևեռել հակառակորդի 5 զինվորների ուշադրությունը, որոնցից երկուսի հետ մերձամարտում պայթեցրել է նռնակը՝ ոչ միայն կորուստ պատճառելով, այլ նաև իրարանցում առաջացնելով հակառակորդի շարքերում:

Կրտսեր սերժանտ Ռ. Աբաջյանը ցուցաբերել է անձնական արիություն, մարտական դիրքը մինչև վերջին հնարավորությունը պաշտպանելու վճռականություն և կյանքի գնով հավատարիմ մնացել զինվորական երդմանը: Այդ հերոսական արարքը ցասումով է լցրել մայոր Մալոյանի և դիրքը գրոհող խմբի մարտիկների սրտերը, որոնք նույն խիզախությամբ ետ գրավեցին հակառակորդի զբաղեցրած մարտական դիրքը՝ հընթացս դիպուկ կրակոցներով ոչնչացնելով թշնամու կենդանի ուժը և ստիպելով ադրբեջանցի զավթիչներին նահանջելու ելման դիրքեր:

Ահա թե ինչ է վկայում այդ մասին ստորաբաժանման հրամանատար, մայոր Էդիկ Մալոյանը. «2016 թ. ապրիլի 2-ին  5 հոգուց բաղկացած խմբով հակահարձակման ենք անցել հակառակորդի գերակշիռ ուժերի կողմից գրավված մարտական դիրքերից մեկն ազատագրելու համար: Մոտենալով դիրքի արթուն հերթափոխի խրամաբջջին` նկատել եմ ձեռքից վիրավոր ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին, որը շարունակում էր դիմադրել իրեն շրջապատած թշնամուն:

Հակառակորդի գերակշռող ուժերի դեմ ավելի արդյունավետ գործելու նպատակով և նպաստավոր դիրք զբաղեցնելու ու այնտեղից գրոհելու համար կատարել ենք թևանցում: Հենց այդ պահին էլ, մինչև վերջին փամփուշտը մարտնչելով թշնամու դեմ, կրտսեր սերժանտ Ռ. Աբաջյանը պայթեցրեց նռնակը և նահատակվեց` սպանելով նաև իրեն գերեվարելու նպատակով մոտեցած երկու ասկյարների»:

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանն իր իմացյալ մահով ոչ միայն նպաստեց մարտական դիրքի ազատագրմանը, ոչ միայն պատժեց նենգ թշնամուն, այլև դարձավ հավերժի ճամփորդ և գնաց խառնվելու մեր հերոս դյուցազունների համաստեղությանը: Հավերժ փա՛ռք մեր հերոսներին, որոնք վտանգի ժամին դարձան մեր հայրենիքի կենդանի վահանը և շողացող սուրը թշնամու գլխին:

Հայրենիքը բարձր է գնահատել կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի սխրագործությունը: ԼՂՀ նախագահի հրամանագրով նա հետմահու արժանացել է «Արցախի հերոսի» կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով, որը հանդիսավոր պայմաններում հանձնվել է հերոսի հորը:

Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս