«Պետությունը պետք է կարգավորի ամեն ինչ, որպեսզի ամեն մի ծաղրածու չհայտնվի մեջտեղում ու իր վրա վերցնի փառքի դափնիները». Ռուբեն Բաբայանը՝ Արցախին ու բանակին հատկացվող օգնությունների մասին

Մայիսյան տոներն ու սահմանային իրավիճակի վերջին զարգացումները քննարկելու համար այսօր լրագրողներին էին հանդիպել Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանն ու Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Բանախոս Դավիթ Գասպարյանն այն համոզման է, որ, եթե ամեն մարդ իր տեղում հօգուտ հայրենիքի լուծի իրեն վերաբերող հարցերը, և դա արվի բարձր պրոֆեսիոնալ մակարդակով, ապա արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա, իսկ եթե ոչ՝ մեր վիճակը վատ կլինի. «Մենք դատապարտված ենք հավիտենական թշնամու հետ առճակատման, բայց ինչքան էլ դժվար լինի, այլընտրանք մենք չունենք, պետք է պայքարենք: Արդեն ականատես եղանք ազգային բացառիկ բարձր ոգու արտահայտման, բայց այդ ոգին պետք է զենքով ամրապնդվի, այլապես ապագան մեզ չի ոգևորի»,- ասաց Դավիթ Գասպարյանը:

«Պատերազմը ողբերգություն է, որովհետև տեղի է ունենում մարդկային կյանքերի կորուստների գնով»,- փաստում է Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, սակայն համախմբումը, որին ականատես եղանք, տեղի ունեցավ առանց կոչերի, քարոզների, առանց դասալքության որևէ դեպքի, և նույնիսկ՝ հակառակը.

«Հիմա պետք է հասկանանք, թե որքանո՞վ ենք մենք կարողանում երկիրը կառուցել տաբուներից դուրս, որովհետև, եթե դու մեկի մասին մտածում ես` որպես հավերժական թշնամու, այդ կերպ միայն զինաթափվում ես: Ցավոք, մենք մեր գաղափարների տկարությունը ջարդում ենք ժողովրդի գլխին և ասում, թե չեն ընդունում մեր գաղափարները, բայց, կներեք, մեր գաղափարներն են սին, ուղղված «յոլա գնալուն»: Համակարգային փոփոխության խնդիր կա, քանի որ հենց այս համակարգն է, որ հնարավորություն է տալիս, որպեսզի տգետ մարդիկ զբաղեցնեն համապատասխան տեղը: Հայրենասիրությունը շատ լավ բան է, կարևոր, բայց չի կարելի մշտապես հույսը դնել հայրենասիրության վրա: Մենք պետք է մտածենք միայն տնտեսապես, գիտությամբ զարգացած հավերժ հայրենիքի մասին: Ամենակարևորը հիմա դասեր քաղելն է և որոշելը` ի՞նչ երկիր ենք ուզում կառուցել, որովհետև ժողովուրդն ապացուցեց` կարող ենք համախմբվել»,- նշեց Ռ. Բաբայանը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով այն թեմային, թե ի՞նչ կերպով է իրականացվում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին հատկացվող օգնությունների գործընթացը՝ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց.

«Այս օրերին տարատեսակ կոչեր են հնչում՝ եկեք օգնենք Արցախին, զինծառայողներին, և այլն: Անշուշտ, սա խոսում է շատ կարևոր մի երևույթի մասին՝ հասարակություն- բանակ կապի անհրաժեշտության և դրա բացառիկ առկայության մասին, բայց օգնությունը պետք է համակարգված բնույթ կրի, որպեսզի ժողովուրդն էլ հասկանա` որի տակ ինչ է թաքնված: Խմբերը, որոնք կազմակերպում են ինչ-ինչ բաներ, շատ ճիշտ ձևով էլ հանրությանը ներկայացնում են արդյունքը, բայց կան մարդիկ, որոնք օգնություն են հավաքում, և դրանց իրական լինելը մի փոքր կասկածելի է: Ես, օրինակ, սպասում եմ, որ Արցախի կառավարությունը կասի, թե` ժողովո՛ւրդ, այսինչ հարցը մենք արդեն լուծել ենք, սրա կարիքն այլևս չկա, դուք ուրիշ հարց լուծեք: Բայց, ցավոք, դեռևս չեն հնչում նման հայտարարություններ, չնայած ես պետք է ասեմ, որ չափազանց վստահում եմ կոնկրետ Ղարաբաղի կառավարությանը»:

Շարունակելով բանակին հատկացվող օգնությունների թեման՝ Ռուբեն Բաբայանը հավելեց.

«Ժողովրդավարական երկրներում հասկանում են, որ ժողովուրդն է լավագույն գաղափարները ծնում, իսկ պետությանը մնում է՝ կարգավորել դրանք: Նույնն էլ պետք է արվի այս օրերին՝ Արցախին, զինվորականներին և նրանց ընտանիքներին հատացվող օգնությունների պարագայում: Պետությունը պետք է կարգավորի ամեն ինչ, որպեսզի ամեն մի ծաղրածու չհայտնվի մեջտեղում ու իր վրա վերցնի փառքի դափնիները: Պետք է հստակեցնել` օգնությունն ու մուրացկանությունը տարբեր բաներ են: Սակայն, մյուս կողմից, պետությունը նախ՝ պետք է շահի ժողովրդի վստահությունը, որպեսզի կարողանա կարգավորել այս ամենը»,- եզրափակեց թեման Ռուբեն Բաբայանը:

Տեսանյութեր

Լրահոս