«Թող գնան բանակ, գան ու դրանից հետո գիտությամբ կզբաղվեն». Թևան Պողոսյանը՝ իրենց նախաձեռնության մասին

Ինչպես հայտնի է, առաջիկայում Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի օրենքի նախագիծ, որով ուսման ընթացքում արական սեռի ներկայացուցիչներին զինծառայության համար տարեկետում չի տրվելու:

Այս նախաձեռնության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց, որ ինքը և «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ Ռուբեն Հակոբյանը, այս նախաձեռնությամբ հանդես են եկել մոտ երկու տարի առաջ:

«Առաջին անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նաև իմացանք, որ կառավարությունն ունի իր սեփական նախաձեռնությունը, խոստում եղավ, որ նաև մեր կողմից ներգրավվածություն կլինի այդ քննարկումներին»,- նշեց Թ. Պողոսյանը:

Նա նշեց, որ, եթե մարդիկ կարողանում են օրինական ձևով ազատվել բանակից, բոլորս պետք է հարգենք օրենքը ու նորմալ վերաբերվենք դրան: Նա նշեց, որ ինքը գիտի 3 տարբերակ, որով հիմա կարողանում են բանակից ազատվել՝ մեկը երկրից մեկնելն է, հաջորդը՝ առողջական խնդիրներ ունենալու դեպքում է, որը, ըստ նրա, իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, իսկ մյուս տարբերակը կրթական համակարգի միջոցով է լինում:

Կարդացեք նաև

Նրանք առաջարկում են, որ կրթական համակարգի մուտքն առնվազն պետք է սոցիալական արդարության հիմքի վրա լինի. «Շատ են խոսում, թե ինչպե՞ս կարելի է չօգնել մարդկանց զբաղվել գիտությամբ, հատկապես՝ ասպիրանտներին: Մեր առաջարկը եղել է, որ այս խողովակի մուտքն արդար լինի՝ թող գնան բանակ, գան ու դրանից հետո գիտությամբ կզբաղվեն»:

Թ. Պողոսյանը կարծում է` գիտությունը զարգացնելու համար պետք է համապատասխան ֆինանսական միջոցներ ներդնել տվյալ ոլորտներում: Նրա խոսքով՝ նրանք, ովքեր քննադատել են իրենց նախագիծը, ուրեմն՝ նախագիծը չեն կարդացել:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանն էլ նկատեց, որ վերջին տարիներին տարեկետման ծավալների կրճատման հետ կապված քայլեր կատարվել են: Նա օրինակ բերեց այն, որ անկախ նրանից՝ երիտասարդը վճարովի՞, թե՞ անվճար է ընդունվել համալսարան, նա պարտավոր է գնալ բանակ՝ բացառությամբ պետական պատվերներով ընդունվածների: Նա նաև նկատեց, որ կան մասնագիտություններ, որոնք առհասարակ պետական պատվեր չունեն՝ օրինակ, իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, և այլն:

«Համաձայն չեմ այն տարածված կարծիքին, թե բանակից հետո երիտասարդներն ավելի քիչ են հետաքրքրվում գիտությամբ: Կարող եմ վստահաբար պնդել, որ հրաշալի երիտասարդներ ունենք, որ բանակում ծառայելուց հետո ավելի խորն են գիտակցում, թե ուզո՞ւմ են տվյալ ոլորտում մասնագիտանալ, թե՞ ոչ»:

Նա կարծում է, որ մենք մի երկրում ենք ապրում, որտեղ պատերազմը բնական վիճակ է, և ըստ նրա՝ պետք է բոլորը զորակոչվեն:

Թ. Պողոսյանն էլ հայտնեց, որ դեռ քննարկումները չեն սկսվել, բայց ինքը հույս ունի, որ սեպետեմբերի 1-ից հետո մենք կունենանք այդ մոտեցումը:

Նա նաև նշեց, որ 2010 թվականին, երբ չկար համապատասխան օրենք, որով երիտասարդները, անկախ նրանից՝ վճարովի՞ են ընդունվում համալսարան, թե՞ անվճար, պետք է 18-ը լրանալուն պես գնան բանակ, կրթական համակարգի միջոցով բանակից ազատվողների թիվը հասնում էր 10 հազարի, իսկ այսօր այդ թիվը մոտավորապես 1700 է:

Տեսանյութեր

Լրահոս