ԻՊ-ը Եվրոպայի վրա գրոհներ է պլանավորում միջուկային և կենսաբանական զենքի կիրառմամբ. The Independent
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Եվրոպայի վրա գրոհներ է պլանավորում միջուկային եւ կենսաբանական զենքի կիրառմամբ: Այդ մասին հայտնել է The Independent բրիտանական հրատարակությունը՝ վկայակոչելով ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաների:
«Ինչ վերաբերում է քիմիական, միջուկային, կենսաբանական եւ ռադիոլոգիական զենքի կիրառմանը, ապա այդ երկյուղներն արդարացված են»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ահաբեկչության հակազդման բաժանմունքի փոխղեկավար Խորխե Սիլվան, որի խոսքը մեջբերում է թերթը:
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ անվտանգության նոր մարտահրավերների հարցերով օգնականի տեղակալ Ջեյմի Շեան ընդգծել է, որ «ահաբեկիչները փորձում են նման զենքի բաղադրիչներ ձեռք բերել»:
Նրա խոսքով՝ ԻՊ-ն կարող է տրոհվել երկու խմբավորման. մեկը հանդես է գալիս Իրաքում եւ Սիրիայում այսպես կոչված խալիֆայությունը պաշտպանության օգտին, իսկ մյուսը միտված է Եվրոպայի վրա հարձակումներ կատարելու համար ահաբեկչական խմբերի ստեղծմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: