«ՌԴ-ի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտությունում անհասկանալի է». գերմանացի վերլուծաբան

«Կարևորը նոր Ղարաբաղյան պատերազմ թույլ չտալն է, որի ուղղությամբ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Գերմանիան, իր ջանքերը կգործադրի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության և միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում բռնկված քառօրյա պատերազմին ու դրա հետևանքներին։

Նա նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում, սպասելի էր, քանի որ 1994թ. Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի կնքած հրադադարի ռեժիմը երբեք ամբողջությամբ չի պահպանվել, ավելին, ժամանակ առ ժամանակ եղել են լուրջ փոխհրաձգություններ ինչպես՝ ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին, որի գագաթնակետն ապրիլյան պատերազմն էր։ Սա, ըստ նրա, լուրջ մտահոգության առիթ է դարձել միջնորդների և գերտերությունների համար, քանի որ նրանք հասկացան, որ իրավիճակն իսկապես այնքան էլ կայուն չէ, որքան նրանք են կարծում, և պետք է գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի վերջնական և տևական հանգուցալուծման համար։

Սակայն, մինչ հանգուցալուծման մասին խոսելը, Հալբախը նաև նշեց, որ ոչ միայն անկայուն հրադադարը, նաև տարածաշրջանային գերտերություններն են «հասունացրել» ներկայիս սպառնալիքը՝ իրենց քաղաքականությամբ։ Ըստ նրա, խոսքը Թուրքիայի և Ռուսաստանի մասին է, որոնցից յուրաքանչյուրն ունի ռազմավարական հարաբերություններ հակամարտության կողմերից մեկի հետ, թեև Թուրքիայի դեպքում աջակցությունն Ադրբեջանին ակնհայտ է։ Հալբախի կարծիքով՝ 2015թ. նոյեմբեր ամսին Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացման հետքերը ևս երևում են այս բռնկման հարցում։ Նրա դիտարկումներով՝ Ռուսաստանի քաղաքականությունը նման չէ Թուրքիայի քաղաքականությանը, քանի որ Ռուսաստանը՝ ունենալով ռազմավարական հարաբերություններ Հայաստանի հետ, սերտ գործակցություն անվտանգության ոլորտում, զենք է վաճառում Ադրբեջանին։

«Ինձ համար այնքան էլ համոզիչ չեն Ռուսաստանի միջնորդական ջանքերը, իրերի ներկայիս դրության պայմաններում՝ Ռուսաստանի դերը շատ հակասական է, քանի որ Ռուսաստանն ունի ռազմական բազա Հայաստանում, համարվում է Հայաստանի անվտանգության ոլորտում գլխավոր գործընկերը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է համարվում, բայց զենք է վաճառում Ադրբեջանին, թեև դա ևս ռուսաստանցի պաշտոնյաները կարողանում են հիմնավորել, այնուամենայնիվ դա է ռուսական քաղաքականությունը Ղարաբաղում։

Թուրքիային ևս կարելի է համարել հակամարտության մասնակից, ով բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի նախագահի քայլերին, ինչպիսին էլ որ դրանք լինեն»,- նման տեսակետ հայտնեց Ուվե Հալբախը։ Հարցին, թե ՌԴ այդ քաղաքականությանն ուղղված ՀՀ պաշտոնյաների մեղադրանքներն ու դժգոհությունները կարո՞ղ են սթափեցնող լինել, նա պատասխանեց.«Պետք է հույս ունենալ, որ հստակություն կմտնի այդ քաղաքականության մեջ»։
Վերջինիս կարծիքով՝ այս պայմաններում դժվար է խոսել կարգավորման սցենարների մասին։ «Այնուամենայնիվ, ես նկատեցի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհանգստացած են և տարածաշրջանում հայտարարություններով հանդես եկան, պնդեցին, որ շարունակելու են աշխատանքները կարգավորման ուղղությամբ։ Կարևոր է տեսնել, որ միջնորդներն աշխատում են համաձայնեցված՝ մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով։ Սա կարևոր հանգամանք է՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի ներկայիս հարաբերությունները և մերձավորարևելյան դրամատիկ իրադարձությունները»,- ասաց Ուվե Հալբախը։

Գերմանացի վերլուծաբանի խոսքով՝ Գերմանիան ևս անհանգստացած է, ինչը փաստում են գերմանացի պաշտոնյաների, հատկապես՝ Գերմանիայի կանցլերի և ԱԳ նախարարի հայտարարությունները և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպասվող այցը Գերմանիա

։ «Գերմանիան, դատելով Շտայնմայերի հայտարարություններից, փորձելու է օգտվել ԵԱՀԿ նախագահությունից՝ ԵԱՀԿ տարածքում առկա չկարգավորված հակամարտությունները հանգուցալուծելու համար։ Իհարկե, ուկրաինական հակամարտությունն առաջնահերթություն է, բայց ԼՂ հակամարտությանը ևս մեծ ուշադրություն է դարձվելու, հաշվի առնելով հակամարտության վտանգավորության աստիճանն ու աշխարհաքաղաքական կոնտեքստը։ Գերմանիայի քայլերին դեռ ականատես կդառնանք»,- ասաց Հալբախը։

Տեսանյութեր

Լրահոս