Սեյրան Օհանյանը՝ զոհվածների ընտանքիներին և վիրավորներին աջակցության մասին
«Զոհվածների և վիրավորների ընտանիքներն ամբողջությամբ ուշադրության կենտրոնում են: Մարտական գործողությունների ժամանակ գոյություն ունեն անվերադարձ և վերադարձվող կորուստներ, վերադարձվողները վիրավորներն են, որոնք ապաքինվում են, ետ են վերադառնում մարտական ծառայության:
ՀՀ նախագահը եղել է հոսպիտալում, վիրավոր զինվորների մեծ մասը պատրաստակամ է նույնիսկ անդամահատված ոտքերով վերադառնալ և աջակից լինեն իրենց մարտական ընկերներին»,- այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե կառավարությունն ի՞նչ ծրագրեր է մշակում զոհվածների հարազատներին օգնելու համար:
Ըստ նախարարի` նրանց աջակցություն է տրվում գոյություն ունեցող օրենքների ամբողջ փաթեթի շրջանակներում, առաջին հերթին աշխատում են նրանց արագ ոտքի կանգնեցնելու համար, անհրաժեշտության դեպքում բուժման կուղարկեն նաև արտերկիր:
Ս.Օհանյանը նշեց, որ ուշադրության կենտրոնում են նաև զոհվածների ընտանիքները, գոյություն ունեցող օրենսդրական փաթեթի շրջնակներում աջակցում են և’ հուղարկավորությունների, և’ գերեզմանների բարեկարգման հարցում, նաև ՊՆ-ն և ՀՀ ու ԼՂ ղեկավարություններն աջակցություն են ցուցաբերում, բացի այդ աջակցում են որոշ բարերարներ և անհատներ: «Անհատական, խիստ, բոլորին աջակցություն է ցուցաբերվում»,- ասաց Ս.Օհանյանը`հավելելով, որ անցած տարի որոշում է ընդունվել և բոլոր տրվող օգնությունները կրկնապատկվել են.
«Ուշադրության արժանի են մեր բոլոր հերոսները, այս օրերին համապետական և համաժողովրդական համախմբվածություն է տիրում, և իշխանության բոլոր թևերն իրենց ուշադրության կենտրոնում են պահում զոհվածների հարազատներին, ընտանիքներին: Բոլորի համար է ցավ, վիշտ, բայց վիշտն ու ցավը մշտապես սփոփվում է այն պարագում, երբ մենք գնահատում ենք տվյալ անձի սխրանքը, և ինչ-որ ժամանակ է անցնում: Մեր պատմության ընթացքում ցավը միշտ շաղախվել է հպարտութամբ և բերել պատասխանատվության»: