«Սա աննախադեպ երևույթ է, և հնարավոր է ցանկացած զարգացում». ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական

«Առաջին դեպքն է, երբ բոլոր տեսակի տեխնիկան օգտագործվել է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով սահմանային լարված իրավիճակի մասին՝ ասաց ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը համապատասխան հակահարված տվել է, բայց բոլոր դեպքերում պետք է ընդունել, որ «սա աննախադեպ երևույթ է, և հնարավոր է ցանկացած զարգացում»:

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս իրավիճակը, Գ. Իսագուլյանը պատասխանեց, որ դժվար է ասել՝ այցը ԱՄՆ Ալիևին ի՞նչ է տվել, կամ ընդհանրապես այդ այցի շրջանակներում ի՞նչ պրովակացիա է Ադրբեջանը պատրաստել. «Համենայն դեպս, ինքն ուզում է, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռի կոնկրետ խնդրի վրա, որ սրան խաղաղ լուծում չկա, բայց հայկական կողմը հստակ իր դիրքորոշումն այդ հարցի շուրջ հայտնել է: ԼՂՀ-ն դե ֆակտո գոյություն ունեցող պետություն է, և Ադրբեջանը պետք է հասկանա, որ պետք է բանակցությունների մեջ մտնել ԼՂՀ-ի հետ, ու, եթե խնդիրներ կան, ապա պետք է նստեն համատեղ բանակցությունների սեղանի շուրջ»:

Նա նկատեց, որ արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն արձագանքել են կատարվածին՝ կոչ անելով կողմերին, որ պահպանվի խաղաղության ռեժիմը. «Բայց ես կարծում եմ՝ այդ պարագայում էլ շատ ավելի ճիշտ կլինի, որ հասցեագրված լինի պահանջը, չեմ կարծում, որ որևէ մեկի համար գաղտնիք է, որ նախահարձակ եղել է Ադրբեջանը, և, կարծում եմ՝ և՛ համանախագահ երկրները, և՛ ընդհանրապես համաշխարհային հանրությունը պարտավոր է հասցեագրված խոսել: Մինչև փաստարկված և հասցեագրված չսկսեն ասել իրավիճակը խախտողների անունները, սա կշարունակվի, որովհետև Ադրբեջանը՝ տնտեսական ծանր իրավիճակից ելնելով, հանգեցրել է նրան, որ Ալիևի կլանն իշխանությունը պահելու համար այլ ելք չի տեսնում, քան արտաքին թշնամու կերպարի ստեղծումը ու այդ ֆոնի վրա ներքաղաքական խնդիրների լուծումը»:

Կարդացեք նաև

Գ. Իսագուլյանի խոսքով՝ մենք իրավունք չունենք թուլանալու և հնարավորություն տալու, որ Ադրբեջանն առաջնային գծում ինչ-որ հաջողություններ ունենա. «Կարծում եմ՝ նույնիսկ մենք ստիպված ենք լինելու անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ հարվածներ հասցնել: Իհարկե, ամեն մի զոհը մեզ համար շատ թանկ է, հիմա ամբողջ ուժերը մոբիլիզացրել են, այդ առումով մենք խնդիր չունենք, բոլոր պաշտոնատար անձինք պետք է այսօր ԼՂՀ-ում լինեին, այնտեղ են, ես ինքս ճանապարհին եմ: Կարծում եմ՝ այդ առումով մենք ամեն ինչ կանենք, որ կարողանանք այդ խնդիրը շատ արագ կարգավորել»:

Տեսանյութեր

Լրահոս