Բելգիայում ձգձգվում է ահաբեկչության զոհերի աճյունների նույնականացման գործընթացը
Բելգիայում շարունակվում է Բրյուսելում երեքշաբթի օրը ահաբեկչության զոհ դարձած մարդկանց մարմինների նույնականացման գործընթացը, հայտնում է Euronews-ը:
Ներկայում հայտնի է, որ զոհերը 8 տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են, որոնց թվում կան Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների ու Չինաստանի քաղաքացիներ: Տեղեկությունը հաստատում են այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները:
Այն բանի պատճառով, որ մինչ օրս կան անհետ կորածներ, վերջիններիս ազգականները փորձում են նրանց ինքնուրույն գտնել՝ համացանցի օգնությամբ: Նրանք հայտարարություններ են տեղադրում սոցցանցերում, որտեղ ստեղծվել են հատուկ էջեր Բրյուսելի ահաբեկչությունների զոհերին որոնելու նպատակով՝ անհետ կորածների լուսանկարներով ու նրանց ընկերների ու մտերիմների հեռախոսահամարներով:
Բելգիական հիվանդանոցներում դեռևս մնում է ավելի քան 100 վիրավոր, նրանցից մոտ 60-ի վիճակը կրիտիկական է, իսկ 2-ը գտնվում է կոմայի մեջ:
Նախօրեին Բելգիայի թագավոր Ֆիլիպն ու վարչապետ Շառլ Միշելն այցելել էին վիրավորներին ու հանդիպել բժիշկներին:
Հիշեցնենք, որ Բրյուսելի ահաբեկչությունները խլել են 31 մարդու կյանք, մոտ 270 մարդ ստացել էր վնասվածք: