Ատամնացավից ժամանակավորապես ազատվելու բնական միջոցներ
Ատամնացավը, մեղմ ասած, տհաճ բան է: Այդ պահին թվում է` ամբողջ մարմինդ էլ հետն է ցավում: Ուստի ցավող ատամի համար blogs.naturalnews.com-ը ներկայացնում է բնական դեղամիջոցներ, որոնց բաղադրիչները պարզ են և հենց ձեր խոհանոցում կարող եք գտնել:
1. Սխտոր
Սխտորը շատ հայտնի է իր հակամանրէային և հակաբիոտիկ հատկություններով: Այն նաև կարող է թեթևացնել ցավը և պարգևել առողջ լնդեր և ատամներ: Ճզմել սխտորի 3-4 հատիկները, մինչև որ մածուկի վերածվի: Ավելացնել քառորդ թեյի գդալ կերակրի քարաղը (Հիմալայան աղ), խառնել և դնել ցավող ատամին, պահել մոտ 10 րոպե: Սխտորի հոտից և մանրէներից ազատվելու համար ողողեք բերանը ողողումների համար նախատեսված հեղուկով: Մի քանի շաբաթ շարունակ, օրը 2 անգամ կրկնել գործողությունը՝ մինչև ցավն անհետանա:
2. Հնդկական ընկույզ
Հում հնդկական ընկույզ ուտելը կարող է օգնել ազատվել ախտահարված ատամի թարախից: Այս ընկույզի կեղևից ստացվող թթուն (anacardic acids) հակաբիոտիկ է, որը ժամանակավորապես թուլացնում է ատամնացավը: Դրական արդյունք ստանալու համար մի շաբաթ, օրը մի քանի հատ հնդկական ընկույզ կերեք:
3. Մեխակի յուղ
Մեխակն ունի հակաբորբոքային, անալգետիկ և հակամանրէային հատկություններ ու կարող է բուժել ամեն տեսակի ատամնային խնդիր: Այն կարող է օգնել դադարեցնել ցավը և կանխել խոռոչների տարածումը դեպի ատամի այլ հատվածներ: 2-3 կաթիլ մեխակի յուղը լուծել քառորդ թեյի գդալ քունջութի յուղի մեջ: Բամբակը մի փոքր թրջել այդ լուծույթով և քսել ախտահարված ատամին: Կրկնել սա ամեն երեկո՝ քնելուց առաջ:
4. Ծովային աղով ողողում
Աղը հայտնի է իր հականեխիչ և հակամանրէային հատկություններով: Այն արդյունավետ կերպով նվազեցնում է բորբոքումը և ցավը, ինչպես նաև՝ ազատում բերանի խոռոչում վարակների ու մանրէների գոյացումից: 1 թեյի գդալ աղը լուծել 1 բաժակ տաք ջրի մեջ: Այդ լուծույթով մոտ 1 րոպե ողողել բերանը, այնպես, ինչպես բերանի ողողման համար նախատեսված հեղուկով եք անում` կենտրոնանալով հիմնականում ցավող ատամի վրա: Այս գործընթացը կրկնել օրական 3 անգամ, մինչև որ կազատվեք ցավից ու այտուցվածությունից:
5. Սառույցով լցված պարկ
Սառույցով լցված պարկը վերացնում է այտուցվածությունը (եթե այտուցվածություն կա), ինչպես նաև թմրեցնում է ցավը:
6. Յուղով ողողում
Յուղով ողողումը նվազեցնում է ատամնախոռոչները, բուժում արյունահոսող լնդերը, լավացնում շնչառությունը, ինչպես նաև արդյունավետ է ատամները սպիտակեցնելու գործում: Օգնում է վերացնել մանրէները, որոնք ատամնային խնդիրներ են առաջացնում բերանի խոռոչում: Պարզապես 1 ճաշի գդալ բարձրորակ յուղով, ինչպիսին է, օրինակ, կոկոսի յուղը, 20 րոպե ողողել բերանը: Յուղն օգնում է բերանից դուրս մղել տոքսիններն ու մանրէները, ուստի երբեք կուլ չտաք այն:
7. Անանուխ
Անանուխն ունի ցավը թմրեցնող հատկություն: 1 թեյի գդալ չորացած անանուխի յուղը ջրով բացել և ողողել բերանը, այնուհետև թքել: Գործողությունը կրկնել հնարավորինս հաճախ:
8. Ատամնաթելով մաքրել
Ատամնաթելով մաքրելը մանրէներն ու սննդի մնացորդներն ատամների արանքից (այնտեղ, որտեղ ատամի խոզանակը հասնել չի կարող) հեռացնելու արդյունավետ եղանակ է: Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր ատամը մաքրել դրանով` մանավանդ հետևինները: Սննդի մնացորդներից շատերը հենց այստեղ են կուտակվում:
9. Սառը վարունգ
Սառը վարունգը ցավող ատամի վրա հանգստացնող ազդեցություն է թողնում: Պարզապես կտրել նախապես սառեցված վարունգը և դնել ցավող ատամին:
Տնային դեղամիջոցները միայն ժամանակավորապես են մեղմում ցավը, ուստի հետագա բուժման համար լավ կանեք խորհրդակցեք ատամնաբույժի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիանա Բալոյանը