«Ցուցակներն ընտրություններից երեք օր առաջ հրապարակվում են, և յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի համադրելու՝ արդյոք կա՞ն կրկնություններ, թե՞ ոչ». Դավիթ Հարությունյան

Առավել քննարկվող և տարածված մեղադրանքն ընտրությունների հետ կապված՝ կրկնակի քվեարկությունն է և քվեարկությունն այլոց փոխարեն: Այս մասին այսօր Արդարադատության նախարարության կազմակերպած ՀՀ Ընտրական օրենսգրքի (ԸՕ) նոր նախագծի հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց՝ եթե պատշաճ ձևով իրականացվի էլեկտրոնային գրանցումը, ապա այս առումով այն կարող է էական կանխարգելող գործիք դառնալ: Դավիթ Հարությունյանն ասաց, որ էլեկտրոնային գրանցման համակարգի հաջողության գրավականն այն է, որ ունենք էլեկտրոնային ցուցակներ, որոնք կազմվում են կենտրոնացված:

«Ավելին, ոչ միայն կենտրոնացված, այլ այդ ցուցակներն ընտրություններից երեք օր առաջ հրապարակվում են, յուրաքանչյուր անձ, շահագրգիռ յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի ներբեռնելու այդ ցանկն էլեկտրոնային տեսքով, համադրելու՝ արդյոք կա՞ն կրկնություններ, թե՞ ոչ:

Առնվազն վերջին մի քանի ընտրությունների ժամանակ այդ աշխատանքը կատարվել է, և մարդիկ հայտնաբերել են, որ Հայաստանում միջինում առկա են լինում մոտավորապես 110-120 անձինք, որոնց անունները, ազգանունները, հայրանունները և ծննդյան ամսաթվերը համընկնում են: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանում առկա մտահոգությունը, որ հաճախ հնչում է այլ երկրներում, որ նույն անձը հայտնվում է տարբեր ցուցակներում՝ չկա»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ էլեկտրոնային սարքը կարողանում է ստուգել՝ արդյոք փաստաթուղթ ներկայացնող անձն ընդգրկվա՞ծ է այդ տեղամասի ցուցակում, թե՞ ոչ, արդյոք նա որևէ այլ փաստաթղթով մասնակցե՞լ է ընտրությանը, թե՞ ոչ:

Դրանից հետո սարքը հրապարակային նշան է անում, եթե պահոցում պահվում է նաև անձի լուսանկարը, այն մեծ մոնիտորի վրա երևում է: Եթե բավարարված են լինում երկու պահանջները, ապա սարքը կտպի կտրոն, որը կդառնա քվեարկությանը մասնակցությունը շարունակելու հիմքը:

Նա նշեց, որ ԸՕ նախագիծը մշակելիս մերժել են մոտեցումը՝ սարքը կապել կենտրոնացված սերվերի հետ.

«Այլ երկրի փորձի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նմանատիպ ճանապարհով որևէ մեկը չի գնում, և մենք էլ մտահոգություն ունեինք, որովհետև դա նշանակում է, որ, եթե կենտրոնական պահոցում է պետք ինֆորմացիան ֆիքսել, ապա առաջին հերթին՝ համակարգը կարող է վտանգված լինել ցանկացած գծի ընդհատման դեպքում:

Եվ երկրորդը՝ նման համակարգեր պետք են՝ այն դեպքում, երբ մենք չունենք կենտրոնացված այն ցանկը, որի մասին քիչ առաջ խոսեցի: Եթե կա այդ կենտրոնացված ցանկը, ապա կենտրոնացնելու որևէ այլ մտահոգություն չկա, բայց նմանատիպ սարքերը մի կարևոր հնարավորություն են ընձեռում:

Այդ երկրի փորձի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ սարքերը շատ հաճախ ունենում են առանձնացվող մաս, որով կարելի է միացնել նրանց մոդեմը, և ընտրությունների արդյունքներն այդ սարքերն ավտոմատ հաղորդում են կենտրոն: Սարքերի օգտագործման թույլ կետը հետևյալն է՝ կան որոշակի կատեգորիաներ, որոնք ցանկում չեն ներկայացվում: Խոսքը զինծառայողների մասին է (զինծառայողների ցանկը մեզանում գաղտնի է), ձերբակալված անձանց, ովքեր կորցրել են անձը հաստատող փաստաթուղթը, ժամանակավոր վկայական են ստացել և այլն, որոնք խախտումների համար կարող են պոտենցիալ հիմք լինել: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ ընտրությունների արդյունքներն ամփոփելիս՝ էլեկտրոնային համակարգով գրանցված անձանց թիվն առանձին պետք է ներկայացվի՝ հաշվետվության տեսքով, և մյուս բոլոր կատեգորիաների անձանց թիվը՝ առանձին հաշվետվությամբ»:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ մեխանիզմները կարող են կատարելագործվել, բազմաթիվ այլ հնարավորություններ են առկա, սակայն բոլոր տարբերակները գումար արժեն, և դրանք քննարկելն իմաստ ունի, եթե կա քաղաքական կոնսենսուս:

Տեսանյութեր

Լրահոս