«Կեղծ բան կա կանանց միամսյակի մեջ». Անահիտ Բախշյան

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում չթաքցրեց, որ մարտի 8-ը երբեք չի սիրել.

«Երբ ապրիլի 7-ը հռչակեցին մայրության օր, մտածեցինք, որ սա ավելի ճիշտ տոն է, որի ժամանակ արժի չաշխատել: Ես սա որպես տոն չեմ զգում: Շատ ավելորդ բան է սա, ապրիլի 7-ն ավելի հարազատ է ինձ ու ընդունելի»:

Ըստ նրա՝ կանանց և տղամարդու առաքելությունը բավական տարբեր են իրարից, և կանայք երբեք իրենց առաքելությանը չպիտի դավաճանեն.

«Այն, որ երեխա ենք ունենում, ընտանիքի ամեն հոգս մեզ վրա է դրված, պայքարի այն ձևն է, որն ունակ է միայն կինը տանել: Որքան որ կանայք մասնակցեն ամեն տեղ այնպես, ինչպես իրենց ընտանիքում, այդտեղից շահելու է հասարակությունը: Կեղծ բան կա կանանց միամսյակի մեջ»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ կյանքն ինքը տոն է.

«Կարծում եմ՝ մարտի 8-ը կանանց հաղթանակի օր է: Խելոք և խելացի տղամարդու համար կինը, իհարկե, Աստծո ընծա է, բայց, ցավոք, հասարակությունը միայն այդպիսի տղամարդկանցից չէ բաղկացած: Կանայք ֆիզիկապես ավելի թույլ են, ու այդ իրավունքները հենց տղամարդկանց չարաշահումներից պաշտպանվելու համար են»: Նրա խոսքով՝ կանանց ուժն ավելի թույլ է, որից բխել են այն տարբերությունները, որոնք տղամարդուն բերել են հասարակության մեջ ավելի մեծ տեղ տալուն. «Կանանց իրավունքները նրանց պարտականությունն է՝ մասնակցել հասարակական կյանքին, պետական կառավարմանը»:

Նա նշեց, որ իր համար հայ տղամարդու կերպարը կերտվել է դեռ իր մանկությունից՝ դա սոլիդ, միշտ ճշմարիտ, չճչացող ու չհարձակվող տեսակն է.

«Հայ տղամարդու կերպարը շատ հակասական է, ու այսօր մեր հասարակության մեջ ունենք տարբեր վերաբերմունք: Անգամ հիմա մենք որոշ մուսուլմանական պետությունների պառլամենտներից մի քանի անգամ ավելի քիչ կանայք ունենք մեր պառլամենտում: Իսկ ովքեր կան, ընտրվել են զուտ կուսակցական ընտրանու մեջ ընկած, բայց ոչ թե իրենց պայքարով աչքի ընկնելու միջոցով: Կինը պետք է պայքարի մեջ ստեղծի այնպիսի վիճակ, որ ինքը չի գալիս տղամարդու տեղը գրավելու: Կնոջ ակտիվությունը պետք է նպատակասլաց լինի: Խելացի տղամարդու համար չկա այն խնդիրը՝ կանայք պե՞տք է լինեն իշխանության մեջ, թե՞ ոչ, նրանց հետ պե՞տք է խորհրդակցել, թե՞ ոչ»:

 

Տեսանյութեր

Լրահոս