«Երաշխիք տալի՞ս ես, պարոն ՀՀԿ-ական, որ դա չես կրկնի». Լևոն Բարսեղյանը՝ Դավիթ Հարությունյանին
«Գարնան առաջին օրը Նոր ընտրական օրենսգրքի նախագիծը ներկայացնելու վերջին օրն է, և մինչև էսօր չունենք, ու վստահ եմ՝ պատգամավորների մեծ մասը նույնպես դրանից տեղյակ չէ»,- այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընթացող քննարկման ժամանակ ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նա նշեց՝ օրեր առաջ լսեցինք ցուցակների հետ կապված՝ Դավիթ Հարությունյանի «ձեռնածուական մեկնաբանությունը». «Ասում է՝ գիտե՞ք, վստահված անձինք քաղվածքներ անելու իրավունք ունեն, էլ ի՞նչ եք ուզում մեզնից: Հիմա ցուցակներ հրապարակելու պահանջն ուղիղ պահանջը չէ, ուղիղ պահանջը ցուցակների մատչելիությունն է: Դու այնպես արա, որ ընտրություններին մասնակցածների ցուցակները մեզ մատչելի լինեն: Ինքն ասում է՝ քաղվածքներ անելու իրավունք ունեք: Քաղվածքի չափն ինչքա՞ն է, պարոն Հարությունյան, քաղվածքի չափը կարո՞ղ է լինել -1 անուն-ազգանուն, տրամաբանությունն ասում է, որ քաղվածք է: Ե
րկու վստահված անձ կարո՞ղ են այդ քաղվածքը գրանցել և ունենալ, իր բացատրությամբ ստացվում է, որ՝ այո: Քաղելու տեխնիկական եղանակը ո՞րն է, պարոն ՀՀԿ-ական, ձեռագի՞ր պետք է անենք, մարդ է, ու ձեռագիրը լավը չէ, ֆոտո անելը, սկան անելը, վիդեո նկարելը, կարդալ-ձայնագրելը քաղվածք չե՞ն: Այսինքն՝ ստացվեց, որ իր ասելով՝ իբր թե օրենքով մատչելիությունն ապահովված է, իսկ պրակտիկայում դա չենք ունեցել և չունենք: Մեր դիտորդներին, որոնք նույնիսկ փորձել են ցուցակները նայել, ծեծել են տեղամասերում:
Երաշխիք տալի՞ս ես, պարոն ՀՀԿ-ական, որ դա չես կրկնի: Դրա համար ամենապարզ բանն ենք ասում՝ մասնակցածների ցուցակները հրապարակեք: Մասնակցությո՞ւնն է գաղտնի, թե՞ քվեարկությունը: Իրենք՝ որպես ականավոր, երևելի իրավաբաններ՝ կասեն, որ քվեարկությունը, բոլորի անձնական տվյալները հրապարակում եք, չէ՞, դուք մինչև ընտրությունները. մասնակցությունը գաղտնի չէ, վերջացավ, ուրիշ ոչ մի խոսակցություն չպետք է լինի»:
Նրա խոսքով՝ ընդամենը մասնակիցների անուն-ազգանունների հրապարակումը բավարար է վերահսկողության համար. «Մենք կնույնականացնենք այն ցուցակների հետ, որոնք հրապարակվել են մինչև ընտրությունները, և կգնանք հանգուցյալների տներով՝ հասկանալու, թե ինչո՞ւ են իրենք մասնակցում քվեարկությանը, տուն չեն մտնում ու վերադառնում են: Առանց այս գործիքի՝ մնացած առաջարկները չեն բերելու ընտրությունների որակի բարելավմանը և հանրային վստահության վերականգնմանը»:
Լ. Բարսեղյանը նկատեց՝ տեսահսկողությունը ևս կարևոր է. «Մենք առաջարկում և պահանջում ենք տեղամասերում տեսահսկողություն սահմանել՝ որպես պետության պարտավորություն: Ինձ թվում է, որ ես բավարար վճարել եմ Դավիթ Հարությունյանին ու ՀՀԿ մյուս ականավորներին, որպեսզի իրենք իրենց պարտականությունները կատարեն: Առնվազն 5 տեսախցիկ ընտրատեղամասում, մեկը՝ ուղղված քվեատուփի վրա՝ քվեարկության ընթացքում, երկուսը՝ ուղղված սեղանների վրա, մեկը՝ ընդհանուր պլան, իսկ հինգերորդը՝ դրսում: Ծախսը կավելանա ընդամենը 4-5 տոկոսով: Կփորձեն երևի դիմադրել սրան ևս»: