Կանխավարկածային վստահություն ՄԻՊ թեկնածուին
Ազգային ժողովի նիստում երեկ սկսվեցին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի քննարկումները: ՄԻՊ ընտրության համար ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացվել էր 2 թեկնածություն՝ Արման Թաթոյանը՝ քաղաքական մեծամասնության կողմից, և Զարուհի Փոստանջյանը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից: Հանձնաժողովի ընտրությունը, ինչպես և սպասելի էր, կանգ էր առել Ա.Թաթոյանի վրա:
ԱԺ նիստում ներկայացնելով ՄԻՊ թեկնածուին՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ Թաթոյանը դրսևորել է բացառապես ապաքաղաքական գործունեություն, այս կամ այն հարցի վերաբերյալ հայտնած տեսակետները եղել են զուտ մասնագիտական: «Երիտասարդ է, պրակտիկ է, և, կարծում եմ, այն խնդիրները, որ դրված են Արման Թաթոյանի առջև, կարող է հաղթահարել և լուծել, իհարկե, մեր բոլորի աջակցությամբ»,- ասաց Հ.Սահակյանը:
Արման Թաթոյանն իր ելույթում պատրաստակամություն հայտնեց աշխատել բոլորի իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ անկախ նրանց կողմնորոշումից:
Պատգամավորների համառ հարցերին, թե արդյոք թեկնածուի կարծիքով՝ Հայաստանում կա՞ն քաղաքական բանտարկյալներ, Ա. Թաթոյանը խուսափեց պատասխանել՝ հիմնավորելով, թե «քաղաքական բանտարկյալ» տերմինի օգտագործման հարցում ՄԻՊ օրենքը միայն մեկ ընթացակարգ է նախատեսում գնահատական տալու՝ բացառապես հարցի հատուկ քննության ընթացքում: Ըստ նրա՝ առանց կոնկրետ հանգամանքներին ծանոթանալու՝ չի կարող գնահատականներ տալ, ընտրվելու դեպքում պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ:
Ա. Թաթոյանը խուսանավեց նաև Մարտի 1-ի հետ կապված հստակ դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, թե իր դիրքորոշումը եղել է միայն մասնագիտական վերլուծության շրջանակում: Նա խոստացավ ընտրվելու դեպքում ՄԻՊ իրավասության շրջանակում Մարտի 1-ի բացահայտման հարցը բարձրացնել. «Ե՛վ կամքը կա, և՛ օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները կձեռնարկվեն»:
Պատգամավորների գնահատականներին, որ Ա.Թաթոյանի թեկնածությունը շահերի բախում է առաջացնում, քանի որ նա ՄԻԵԴ-ում 2 տարի ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալն է եղել, Ա.Թաթոյանը չհամաձայնեց՝ նշելով, որ ինքը պարզապես մասնագիտական դաշտում դիրքորոշում է ներկայացրել, և նույն կերպ կարելի է մեղադրանք ուղղել փաստաբաններին, որոնք նախկինում դատախազ կամ քննիչ են եղել:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կատարվողն անվանեց քննարկում ոչ թե՝ ՄԻՊ թեկնածուի, այլ ՀՀԿ-ի կողմից՝ ՄԻՊ նշանակման վերաբերյալ, այլապես, ըստ նրա, թեկնածուները մի քանիսը կլինեին:
Զ.Փոստանջյանի խոսքով՝ նշանակումը նախկինում կատարվում էր նախագահի կողմից, իսկ Սահմանադրության փոփոխությունից հետո կատարվում է կուսակցապետության կողմից: Պատգամավորը նշեց, որ Ա.Թաթոյանը շուրջ 2 տարի սպասարկել է ՀՀԿ քաղաքականությունը՝ թույլ չտալ, որ արձանագրվի, որ ՀՀ-ում կան քաղհալածյալներ, և կամ, որ Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները: Նշելով, որ տարիներ շարունակ Հայաստանում մարդու իրավունքների զանգածային խախտումներ են եղել, բայց Թաթոյանը ոչ մի հայտարարություն չի արել, Զ.Փոստանջյանը ՄԻՊ թեկնածուին «անդեմ մարդ» անվանեց:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համար ՄԻՊ ընդունելի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն էր, սակայն Արման Թաթոյանի դեպքում, թեև միանշանակ է, որ նա իշխող կուսակցության առաջադրած թեկնածուն է, և նրան կարելի է համարել իշխանության մարդը, այնուամենայնիվ, իր քվեարկության մասին մտորել է: Ն.Փաշինյանը նշեց, որ, քանի որ ՄԻՊ նախկին 3 թեկնածուներն էլ համարվել են իշխանության թեկնածու, բայց հանդես են եկել անսպասելի դիրքորոշումներով ու ստիպված էին հրաժարական տալ իշխանության համար անհաճո գործունեության պատճառով: Նրա կարծիքով՝ հատկապես Կարեն Անդրեասյանը մեծ հաշվով կարողացավ հերքել իշխանության կամակատարի պիտակը:
Ն.Փաշինյանը հույս հայտնեց, որ ՄԻՊ կառույցը կայացման որոշակի ճանապարհ է անցել, ձևավորվել է ինստիտուտ, որը որոշակի իմիջ է պարտադրում տվյալ պահին աշխատող պաշտպանին. «Եվ սա ստիպում է մտածել, որ ընդհանրապես պետք է ՄԻՊ-ի թեկնածուին ոչ թե կանխավարկածային անվստահությամբ վերաբերվել, այլ փորձել այնուամենայնիվ կիրառել կանխավարկածային վստահության ճանապարհը, եթե դա հերքող, դա բացառող շատ ակնհայտ պատճառներ չկան: Առաջարկվող թեկնածուի դեպքում ես նման պատճառներ չեմ տեսնում»:
Պատգամավորը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը, և այդ որոշումն անվանեց չափազանց դժվար: Ըստ նրա՝ սա ոչ թե Արման Թաթոյանին վստահության քվե է, այլ՝ ավանս, որ, եթե Թաթոյանն իր գործունեության ընթացքում կուզենա լինել այնպիսի ՄԻ պաշտպան, ինչպիսին համապատասխանում է ՀՀ ժողովրդի շահերին, ու եթե Թաթոյանը կունենա իր աջակցության անհրաժեշտությունը, կստանա այն: «Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ իշխանության միջին օղակներում ձևավորվել է պրոֆեսիոնալ և պարկեշտ պաշտոնյաների մի խավ, ովքեր ի վիճակի են ՀՀ շահերից և ժողովրդի շահերից բխող գործունեություն ծավելել, ու այդ պաշտոնյաներին իշխանությունը մտցրել է իրենց շարքեր՝ գրիմի համար: Սա, ըստ էության, գրիմ է իշխանության կոռումպացված երեսին»,- ասաց Ն.Փաշինյանը՝ ցավ հայտնելով, որ այդ պաշտոնյաները մեկուսացված են քաղաքական որոշումների կայացման գործընթացից:
«Մեր քաղաքական մշակույթն է աղճատված և այնքան այլասերված, որ, երբ ՄԻՊ զեկույցում ինչ-որ մի հատված սատարում է այս կամ այն պետական ինստիտուտի գործունեությունը, անմիջապես ընդդիմադիրները տվյալ օմբուդսմենին հռչակում են իշխանության կամակատարը, դրածոն, մանկլավիկ, դրանով հարցը փակվում է, և հակառակը՝ երբ պետական որևէ ինստիտուտի հանդեպ լինում է քննադատություն ՄԻՊ զեկույցում, անմիջապես պետական տվյալ ինստիտուտները հարձակվում են ՄԻՊ-ի վրա և նրան հայտարարում ամենաանհաջող կադրը»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ չի հավատում, որ ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը կկարողանա դիմակայել երկու կողմի ճնշմանը, և իր թերահավատությունը պայմանավորեց նախկին 3 պաշտպանների տխրահռչակ փորձերով:
Ն.Զոհրաբյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» քվեարկելու է ազատ՝ յուրաքանչյուրը՝ իր խղճի մտոք:
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ»