«Նաիրիտից» ձերբազատվելու նոր տարբերակ
«Նաիրիտ» գործարանում գույքագրում է կատարում հայաստանյան «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերությունը: Այն «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության անդամ է: «168 Ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ գույքագրման նախաձեռնողը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, որն այդ աշխատանքի համար ընկերությանը վճարել է 15 մլն դրամ:
Նախորդ շաբաթ նաիրիտցիների հետ հանդիպման ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանն ասել էր, թե պետք է տարանջատեն գույքն ու տարածքները, և այն, որը պետք է «Նաիրիտին» հետագայում վերագործարկման ժամանակ, փոխանցվելու է Երևանի ՋԷԿ-ին, իսկ այն մասը, որը պետք չէ, տալու են «Նաիրիտ 2»-ին: Վերջինս պետք է վաճառի այդ գույքն ու ետ վերցնի նաիրիտցիներին վճարված աշխատավարձի գումարը:
Սակայն փոխնախարարն աչքաթող է արել կամ մոռացել է մի մանրուք՝ «Նաիրիտ գործարանը» «Նաիրիտ 2»-ին ոչ մի գումար էլ պարտք չէ: Հակառակը՝ «Նաիրիտ 2»-ն է պարտք եղել գործարանին. 2008 թվականին «Նաիրիտ» գործարանը դատարանի միջոցով շուրջ 4.2 միլիարդ էր շահել 100 % պետական բաժնեմաս ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հանդեպ:
Այսինքն՝ նաիրիտցիների աշխատավարձի գումարների վճարումը կարելի է համարել «Նաիրիտ-2»-ի կողմից պարտքի մարում, և այն որևէ պահանջ չպետք է ունենա: Թեև «Նաիրիտ 2»-ի գլխավոր տնօրեն Գագիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե իրավական առումով խնդիր չկա, որ պետական կազմակերպությունը՝ «Նաիրիտ 2»-ը, վճարելու է 90%-ով մասնավոր ընկերության աշխատակիցների պարտքը, քանի որ «Նաիրիտ գործարանը» սնանկության եզրին է, բազմաթիվ պահանջատերեր ունի, ապա, եթե այդ գումարները գնան գործարան, առաջնահերթ մյուս պարտքերը կփակվեն և ոչ թե՝ աշխատավարձի:
Ընդ որում՝ նա նշել էր, որ գումարը կառավարությունն է փոխանցում, և ոչ թե՝ «Նաիրիտ 2»-ն իր հաշվից է փոխանցում: Ավելին, «Նաիրիտ 2-ը» վճարեց նաիրիտցիների աշխատավարձերի միայն մայր գումարը, իսկ տոկոսները «պահեց իրեն», իսկ դա նշանակում էր այդ գումարը շրջանառության մեջ դնելու և եկամուտ ստանալու լավ հնարավորություն:
Այժմ, եթե «Նաիրիտ 2»-ին կեղծ պարտքի դիմաց փոխանցվի գործարանի գույքի մի մասը, և դա օտարվի, «Նաիրիտ» գործարանը լուրջ խնդրի առաջ կկանգնի: Այսօր գործարանի հիմնական ունեցվածքը տարածքներն ու շենքերն են, քանի որ հնացած սարքավորումների վաճառքը բավարար գումար չի ապահովի: Իսկ եթե գործարանին պատկանող ինչ-որ տարածք վաճառվի, խնդիր առաջանալու դեպքում դրա նոր սեփականատերը թույլ չի տա մտնել և իր տարածքում ինչ-որ աշխատանք անել:
Այսինքն՝ որևէ տարածքի կամ շենքի օտարումը նշանակում է՝ «թաղել» գործարանը: Եթե կառավարությունն իսկապես գործարանն աշխատեցնելու խնդիր է դրել, ապա որևէ պայմանով չպետք է օտարում թույլ տա այնքան ժամանակ, մինչև ներդրողը չգա, չսկսի գործարանն աշխատեցնել, ու ինքը որոշի՝ ի՞նչն է պետք վաճառել, ի՞նչը՝ ոչ:
Ի դեպ, դեռ անցած ամռանը էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը մեզ վստահեցրել էր, թե «Նաիրիտ 2»-ը չի կարող տիրապետել գործարանի գույքին, վաճառել այն, և այլն:
Սակայն այժմ, մինչ Ազգային ժողովը խոսում է «Նաիրիտի» վերաբերյալ օրենք ընդունելու անհրաժեշտության մասին, կառավարությունն ուղիներ է փնտրում այդ «բեռից» շուտ ազատվելու համար: Ստացվում է, որ կառավարությունը դիտավորյալ շտապ քայլեր է անում, որ առաջիկայում ոչ մի ներդրող մոտ չգա գործարանին: «Նաիրիտի» աշխատելն անխոս հեռանկարային և շահավետ կլիներ թե՛ ՀՀ իշխանության, թե՛ քաղաքացիների համար:
Թեև մյուս կողմից՝ «Նաիրիտը» հսկայական տարածքներ ունի, իսկ այսօր Երևանում արդեն նման մեծ տարածք գտնելը դժվար է: